«Նոա»-ն նպատակ ունի հաջորդ մրցաշրջանում ձգտել չեմպիոնության. Արթուր Սահակյան
Հայաստանի ֆուտբոլի արդեն իսկ ավարտված առաջնությունը լի էր բացահայտումներով, ձախողմամբ և դրամատիզմով լի խաղերով: Եթե մրցաշրջանի մեկնարկին ինչոր մեկը ասեր, թե նորաստեղծ «Նոա» ֆուտբոլային ակումբը կպայքարի չեմպիոնության համար կամ կդառնա երկրի գավաթակիր, շատ քչերը կհավատային նրան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նոա»-ի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն ամփոփեց մրցաշրջանը, ի մի բերեց նվաճումները և խոսեց առաջիկա անելիքների մասին:
– Ամփոփելով արդեն իսկ ավարտված մրցաշրջանը՝ ինչպիսի՞ն էր այն «Նոա»-ի համար, և դա ա՞յն էր, ինչ մրցաշրջանի մեկնարկին ակնկալում էիք:
– Նախ նշեմ, որ բավականին հաջող մրցաշրջան ստացվեց մեզ համար: Հիմնական խնդիրը եվրոգավաթային ուղեգիր նվաճելն էր, և կարևոր չէր, թե որ ճակատով` առաջնությա՞ն, թե գավաթի խաղարկության: Խնդիրը մեկն էր: Բայց փառք ու պատիվ ֆուտբոլիստներին, մարզիչներին և ողջ անձնակազմին, քանի որ մենք կարողացանք խնդիրը լուծել երկու ճանապարհով էլ. առաջնությունում երկրորդը եղանք ու շատ մոտ էինք չեմպիոնությանը և պատմական նվաճման հասանք ակումբի համար` թիմի առաջին իսկ տարում դարձանք Հայաստանի գավաթակիր:
– Խոսենք գավաթի դրամատիկ եզրափակիչի մասին. ի՞նչ տվեց գավաթը և ինչպե՞ս կհիշվի այն ակումբի համար:
– Այդ խաղի զգացողություններն աննկարագրելի էին, քանի որ 4:1 հաշվով պարտվելուց հետո շահել նման հանդիպումը, պարզապես հոլիվուդյան սցենարի է նման: Կարծում եմ, այս եզրափակիչը ֆուտբոլի նկատմամբ մեր ունեցած սերն ավելի խորացրեց, որովհետև բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց: Եզրափակիչը տղաներին հավատ ներշնչեց, որ չպետք է ընկճվել և մինչև վերջ պետք է պայքարել և ցույց տվեց, որ մենք ունենք բնավորություն, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. ունենք թիմը, որը չի կոտրվում:
– Ամեն ակումբ ունի իր փիլիսոփայությունը, ո՞րն է «Նոա»-ի փիլիսոփայությունը և ի՞նչ է ուզում տալ հայկական ֆուտբոլին ձեր ակումբը:
– Մեր ակումբի ամենամեծ հաջողությունը կլինի այն, որ «Նոա»-ի՝ իր գերխնդրին հասնելու ճանապարհին ակումբում խաղան սեփական կադրերը: Իհարկե, դրա համար մեզ երկար տարիների աշխատանք է սպասում: Այսինքն` ստեղծել սեփական ակադեմիա, սեփական կադրեր և այդ ընթացքում մեծ աշխատանք տանել հիմնական թիմի վրա: Եվ ժամանակի ընթացքում թիմն ու ակադեմիան կմիանան իրար: Մենք ցանկանում ենք կայանալ որպես ակումբ, ոչ որպես թիմ: «Նոա»-ն տարբերվում է այլ ակումբներից. ունենք սեփական ոճ` լինի բրենդային, թե կազմակերպվածության առումով: Ցանկանում ենք կերտել մերը:
– Խոսեցիք ակադեմիայի մասին, ի՞նչ պլաններ կան այդ տեսանկյունից:
Մանկապատանեկան թիմեր այժմ էլ ունենք, սակայն չունենք կոնկրետ ուղղվածություն: Դրա համար էլ ենթակառուցվածքներ են պետք: Այժմ զբաղված ենք այդ հարցով, լիահույս եմ, որ երկու շաբաթվա ընթացքում այդ հարցը լուծում կստանա, և մեզ կտրամադրվի այն տարածքը, որտեղ մտադիր ենք վերակառուցել ակադեմիան:
– Հայկական ֆուտբոլի ամենացավոտ թեմաներից մեկը լեգիոներներն են: Ձեր թիմում շատ են լեգիոներները, ի՞նչ տեղ եք պատրաստվում տալ հայ ֆուտբոլիստներին:
– Առաջին տարվա համար ՀՖՖ-ի կողմից չկա շեշտադրում, թե հիմնական կազմում պետք է խաղան հայ ֆուտբոլիստները: Մարզչից արդյունք էր պահանջվում, և նա էր որոշում, թե ովքեր խաղան մեկնարկային կազմում: Սակայն ՀՖՖ-ի ընդունած նոր սահմանափակումներն առնվազն կպահպանեն և դրանից ավելի: Թե որքան հայ ֆուտբոլիստ կխաղա թիմում, պետք է ֆուտբոլիստներն ապացուցեն մարզչին, որ իրենք արժանի են: Բարձրակարգ հայ ֆուտբոլիստների պակաս կա:
– Իսկ ինչի՞ հետ եք դա կապում, ինչո՞վ է դա պայմանավորված:
Պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլով: Չեմ ընդունում այն միտքը, որ մանկապատանեկան տարիքում ունենք վատ ֆուտբոլիստներ: Ընդակառակը` խնդիրը մարզիչների, նրանց սխալ մոտեցման մեջ է: Հայաստանում միշտ էլ եղել են տաղանդավոր երիտասարդներ:
– Ի՞նչ ծրագրեր ունի «Նոա»-ն մրցաշրջանի համար՝ համալրման տեսանկյունից:
– Ունենք չորս նոր ֆուտբոլիստ: Մի քանի համալրում ևս սպասվում է: Կարծում եմ, բավականին հետաքրքիր առաջնություն է մեզ սպասում, քանի որ թիմերը անհամեմատ ուրիշ տեսքով կներկայանան: Նախորդ մրցաշրջանում մենք անակնկալ էինք շատ թիմերի համար: Այժմ թիմերը չեն թերագնահատում միմյանց: «Նոա»-ն նպատակ ունի հաջորդ մրցաշրջանում ձգտել չեմպիոնության:
– Մասնակցելու եք Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Նախորդ տարի հայկական ակումբները բարձր նշաձող սահմանեցին, իսկ ո՞րն է լինելու ձեր խնդիրը:
– Հաղթել ամեն հանդիպումում: Մենք չէինք ուզենա որևէ նշաձող սահմանել, փորձելու ենք պատվով ներկայացնել Հայաստանը: