
Աֆղանստանում վեց մարդ է զոհվել հարձակման հետևանքով. Tolo News

Առնվազն վեց ապստամբ է զոհվել, եւս ինը՝ տուժել Աֆղանստանի Ղազնիի արեւելյան նահանգում իրականացված հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը: Գրոհը, որի մասին տեղական իշխանությունները հայտնել են հուլիսի 23-ին, տեղի է ունեցել հուլիսի 22-ի երեկոյան Ղազնիի նահանգի Ղարաբաղի շրջանում:
Իշխանությունների տեղեկատվության համաձայն, հարձակումն իրականացրել են «Թալիբան» արմատական շարժման զինյալները, որի անդամները դեռ չեն մեկնաբանել այդ միջադեպը: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: