«Մենք մերժել ու մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը». ՀՀ վարչապետ
«Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերին, սահմանամերձ բնակավայրերին, քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- Կառավարության այսօրվա հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց՝ խախտելով նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքներ։ Այն մոտեցումը, որը այդ իրավունքները կարող են իրացվել հակամարտության կարգավորումից հետոմ ընդունելի չէ։
«Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային գործընթացի առաջնային մաս։ Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է։ Անհրաժեշտ է դնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը կլինի մշտական և կունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը։ Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը տարածաշրջանում ունի տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում, թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում»,- շեշտեց վարչապետը։
Գործադիր մարմնի ղեկավարը նաև ընդգծեց, որ զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումն արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ։
«Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հետ։ Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»,- եզրափակեց վարչապետը։