Շուկան փլվում է. արհեստական գնագոյացման հետևանքները բնակարանների գների վրա
Համավարակից հետո բնակարանային շուկան պարզապես փլվել է։ Երրորդ ամիսն անընդմեջ գործարքները հսկայական տեմպերով կրճատվում են։ Որքան էլ թվում էր, թե սահմանափակումների վերացումից հետո շուկա կվերագտնի իրեն, դա առայժմ տեղի չի ունենում։
Հունիսին բնակարանային գործարքների կտրուկ նվազումը շարունակվել է. նախորդ տարվա համեմատ վաճառքը պակասել է ավելի քան 36 տոկոսով։ Երևանում գործարքների կրճատումն անցնում է 43 տոկոսից։
Ընդհանուր առմամբ հունիսին ամբողջ Հայաստանում վաճառվել է 869 բնակարան։ Նախորդ տարվա նույն ամսին կատարվել էր 1359 գործարք։
Բնակարանային գործարքներն իջել է նաև «մինչհեղափոխական» մակարդակից։ Ու դա նշանակում է, որ կրկին վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսել էինք։
Երևանում այս տարվա հունիսին վաճառվել է ընդամենը 505 բնակարան՝ 2019թ. 887-ի դիմաց։
Բնակարանային շուկայում կտրուկ տեղաշարժեր արձանագրվեցին ապրիլից սկսած։ Այդ ամսին գործարքները նվազեցին 75-80 տոկոսով։ Սակայն այն ժամանակ դա պայմանավորված էր հիմնականում կիրառված համատարած սահմանափակումներով։ Ամբողջ տնտեսությունն ու հասարակական կյանքը սառեցված էր, չէին աշխատում պետական կառավարման մարմինները, և դա, ուզած թե չուզած, հանգեցնելու էր գործարքների կրճատման։
Մայիսին, չնայած սահմանափակումներն ամբողջությամբ հանվեցին, այնուհանդերձ բնակարանային շուկան այլևս չկարողացավ, այսպես ասած, խելքի գալ։ Այն այսօր էլ շատ հեռու է նախկին մակարդակին վերադառնալուց։
Բնակարանային շուկայում արձանագրվող այս երևույթներն ուղղակիորեն կապված են Հայաստանի տնտեսության մեջ ու սոցիալական կյանքում տեղի ունեցող դրսևորումների հետ։ Համավարակից հետո տնտեսությունը շատ արագ հայտնվեց ճգնաժամի մեջ։ Գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվեց անկում, ինչն ամսեամիս խորանում է։
Տնտեսական ճգնաժամը, ինչպես սովորաբար լինում է, ուղեկցվում է հասարակության սոցիալական վիճակի վատացմամբ։ Կարճ ժամանակահատվածում կրճատվեց մի քանի տասնյակ հազար աշխատատեղ, նվազեցին մարդկանց եկամուտները՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։
Նման իրավիճակը չէր կարող իր սրբագրումները չմտցնել բնակարանային շուկայում։ Առավել ևս, որ վերջին շրջանում այստեղ ի հայտ են եկել նաև որոշակի սպասումներ։
Տնտեսական ու սոցիալական անորոշությունների պայմաններում մարդիկ ստիպված են հետաձգել իրենց մտադրությունները։ Սպասողական տրամադրություններն ավելի են խորացրել բնակարանային շուկայի ճգնաժամը։ Պատահական չէ, որ շուկայի փլուզումն ուղեկցվում է մեկ այլ ոչ պակաս կարևոր մտահոգությամբ՝ նվազում են նաև գները։
Բնակարաններն էժանանում են՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։ Թեև Երևանում գնանկումն ավելի մեծ տեմպերով է տեղի ունենում։
Մայիսին ապրիլի նկատմամբ մայրաքաղաքում բնակարանների գները նվազեցին՝ 1, մարզերում՝ 0,7 տոկոսով։ Հունիսին գնանկումը ոչ միայն պահպանվել է, այլև խորացել. մայրաքաղաքում գներն իջել են՝ ևս 1,1, մարզերում՝ 0,8 տոկոսով։
Բնակարանային շուկան էժանացել է Երևանի անխտիր բոլոր վարչական շրջաններում։ 2 ամսվա ընթացքում գները նվազել են քառակուսի մետրի հաշվով միջինը 5 հազարից ընդհուպ մինչև 10 հազար դրամի չափով։
Մայրաքաղաքի կենտրոնում գնանկումը կազմել է շուրջ 8 հազար, Արաբկիրում՝ 5 հազար դրամ։ Դավիթաշենում և Աջափնյակում 2 ամսում բնակարանները յուրաքանչյուր մետրի հաշվով էժանացել են 10 հազարով, Քանաքեռ-Զեյթունում՝ 9 հազարով։
Մյուս վարչական շրջաններում ևս գներն այս կամ այն չափով իջել են. Նոր Նորքում, Էրեբունիում, Շենգավիթում և Մալաթիա-Սեբաստիայում գնանկումը հասնում է՝ 6 հազար, Ավանում՝ 5 հազար դրամի։
Այս թվերը ցույց են տալիս, որ վերջին 2 տարիներին բնակարանների գները որքան արագ բարձրանում էին, հիմա նույնքան արագ իջնում են։ Պատճառը ոչ միայն սոցիալական ու տնտեսական իրավիճակն է, այլև այն արհեստական գնագոյացումը, որ կար շուկայում։
Բնակարանների գների հետ կապված փուչիկ էր փչվում, որը մի օր պիտի պայթեր։ Այդ օրը եկել է ու սպառնում է շատերին, ովքեր վերջին տարիներին բնակարան են ձեռք բերել մի կողմից՝ արհեստական բարձր գներով, մյուս կողմից՝ ոչ բավարար ու չհիմնավորված եկամուտների պարագայում։
Խոսքը, մասնավորապես, հիպոթեքով գնված բնակարանների մասին է։ Հիպոթեքային շուկան նախորդ 2 տարիներին չափից դուրս ուռճացվեց։ Վարչապետը պարբերաբար ոգևորիչ թվեր էր հրապարակում հիպոթեքային վարկերի ավելացման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու դրա հնարավոր հետևանքները։ Այդ հետևանքներն այսօր արդիական են դարձել։
Մարդիկ կորցրել ու շարունակում են կորցնել իրենց եկամուտները՝ կանգնելով նաև ձեռք բերված բնակարաներից զրկվելու փաստի առաջ։ Զարմանալի չէ, որ գների նվազումը տեղի է ունենում առաջին հերթին՝ առաջնային շուկայում։ Ու դա կարող է իր հետ անդունդը քաշել նաև բնակարանային շինարարությունը, եթե այս իրավիճակը շարունակի երկար պահպանվել։
Առայժմ դրական սպասումներ չկան, որովհետև տնտեսությունը գլորվում է ներքև, իսկ մարդկանց եկամուտներն արագորեն նվազում են՝ մեծացնելով նաև անշարժ գույքի ու բնակարանային շուկայում ի հայտ եկած խնդիրները։
Այս պահին կան տարբեր գնահատականներ սպասվող գնային զարգացումների վերաբերյալ։ Բայց դրանք բոլորը բացառապես նվազման ուղղությամբ են։ Եվ դա պատահական չէ, որովհետև անշարժ գույքի շուկան տնտեսության ու սոցիալական իրավիճակի կարևոր ինդիկատորներից մեկն է։ Տնտեսության մեջ ու հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները սովորաբար շատ արագ են դրսևորվում այստեղ։ Այդ են վկայում նաև այսօրվա իրողությունները։ Բնակարանային շուկան վերջին ամիսներին մտել է պասիվացման ակտիվ փուլ, ինչն արտահայտվում է նաև գների ոչ պակաս ակտիվ նվազման տեսքով։
Թե մինչև ո՞ւր այն կհասնի, դեռ առիթներ շատ կլինեն անդրադառնալու։ Հիմա բավարարվենք արձանագրել այն, ինչ կատարվում է շուկայում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ