«Ալիևն ինչ ասում է՝ բացարձակ չի համապատասխանում իրականությանը․ կա՛մ իրեն սխալ են զեկուցում, կա՛մ չի ցանկանում առերեսվել իրականության հետ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»։

Նա նշել է, թե իբր «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ վերջին իրադարձություններից հետո Ալիևը հայտնվել է խորը դեպրեսիայի կամ ընկճախտի մեջ, քանի որ նրա բոլոր հայտարարությունները հակասում են իրար։

«Մի կողմից՝ Ալիևն ասում է, որ, եթե Հայաստանը պետք է «մեն-մենակ կանգնի» Ադրբեջանի դեմ, և կտեսնեն, թե ով կհաղթի, մյուս կողմից էլ՝ ասում է, թե իբրև Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն վերջինս մերժել է, և երրորդ կողմից էլ՝ խոսում է բացառիկ հաջողությունների մասին։ Այն ամենը, ինչ Ալիևն ասում է՝ բացարձակ չի համապատասխանում իրականությանը․ կա՛մ իրեն սխալ են զեկուցում, կա՛մ չի ցանկանում առերեսվել իրականության հետ։ Գնալով այդ իրավիճակով պայմանավորված նորանոր ձախողումներ է կրում, և երեկ գիշեր տեղի ունեցած հերթական սադրանքին հայկական կողմից տրված պատասխանը, որի վերաբերյալ, կարծում եմ, կլինի ավելի մանրամասն տեղեկատվություն ՊՆ-ի կողմից, դրա ապացույցն է։ Ալիևը մոռանում է, որ Հայաստանը վերջին իրադարձությունների հետ կապված առհասարակ ՀԱՊԿ-ին չի դիմել, և այն բոլոր անհաջողությունները, որոնք ժամանակին նա և իր հայրը կրել են Լեռնային Ղարաբաղում և շարունակելու են կրել ցանկացած սանձազերծած ոտնձգության նկատմամբ՝ լինի Արցախի թե Հայաստանի սահմաններում՝ ավելի քան համարժեք պատասխան է ստանալու»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Հարցին՝ հաշվի առնելով Ալիևի այս հայտարարությունը և հայ-ադրբեջանական սահմանում հայկական կողմի տված պատասխանը, արդյո՞ք Ադրբեջանը դասեր քաղել է կատարվածից, թե՞ ոչ, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ բարդ է հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում Բաքվում։

«Մի կողմից՝ Ադրբեջանն ամբողջությամբ ժխտում է երեկվա իրադարձության հետ կապված տեղեկատվությունը, մյուս կողմից՝ օրինակ, օրերս հայտարարեցին, թե Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու հետ, անձնական կարծիք էր։

Այսինքն՝ իրենց հայտարարությունները սկսել են հակասական հնչել, այս ամենը, իմ կարծիքով՝ խոսում է այնտեղ տիրող քաոտիկ իրավիճակի մասին։ Ես չեմ հասկանում, արդյո՞ք Ալիևն իսկապես կորցնում է վերահսկողությունը, թե՞ այն իրավիճակը, որը ստեղծվել է այդ երկրում վերջին ձախողումներից հետո, իրենք չեն կարողանում վերականգնել։ Կարծում եմ, եթե Ալիևը փոքր-ինչ կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, դադար կվերցնի, հակառակ դեպքում նա կարող է շարունակական ձախողումներից հետո այնպիսի իրավիճակի հետ առերեսվել, երբ ուղղակի կզրկվի իշխանությունից։ Ադրբեջանի 90-ականների ներքաղաքական զարգացումների պատմությունն այս ամենի վառ օրինակն է, երբ ճակատում կրած անհաջողությունները դառնում են իշխանափոխության հիմք»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Տեսանյութեր

Լրահոս