«Ռեալը» Բեյլին կվճարի 60 մլն եվրո․ նա չի ուզում հեռանալ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր չէ այս ամառ տեղափոխվել մեկ այլ ակումբ:
As-ի համաձայն՝ 31-ամյա ուելսցին որոշել է մնալ մադրիդյան թիմի հետ մինչև գործող պայմանագրի լրանալը: Նա ցանկանում է ստանալ իր պայմանագրում նշված ամբողջ աշխատավարձերը:
Եթե այս տարբերակն իրականացվի, Բեյլը երկու մրցաշրջանի ընթացքում կստանա 60 միլիոն եվրո։
Բեյլի ներկայացուցիչները չեն փնտրում նոր ակումբ, իսկ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցույց է տալիս, որ ինքը հույս չի դնում կիսապաշտպանի վրա. Բեյլը չի խաղացել Լա Լիգայի մրցաշրջանի վերջին յոթ հանդիպումներում (վեց խաղերում նա մնաց պահեստայինների նստարանին, իսկ եզրափակիչ փուլում նա հայտացուցակում չէր):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է դադարեցնել պայմանագիրը Բեյլի հետ՝ նրան վճարելով երկու տարվա աշխատավարձը:
Այս մրցաշրջանում Բեյլը Լա Լիգայի 16 խաղ է անցկացրել Մադրիդի «Ռեալի» համար՝ խփելով երկու գոլ և երկու անգամ տալով գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան