168.am-ի դեմ Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած հայցադիմումը դատարանը վերադարձրել է՝ հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու պատճառաբանությամբ

168.am-ի նկատմամբ դատական գործընթաց սկսելու նպատակով դատարան մուտքագրված ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայցադիմումը հետ է վերադարձվել վերջինիս:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր կայքի շահերը դատարանում ներկայացնող իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նշել, որ 168.am-ի դեմ Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած հայցադիմումը դատարանը վերադարձրել է հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու պատճառաբանությամբ, քանի որ հայցվորի կողմից չեն պահպանվել օրենքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը կհամարվի առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Գործի հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը խնդիրներ է տեսել «Փարթի` իշխանական «Ֆերմատա» ակումբում» նյութի մեջ, ինչին արձագանքել էր ոչ բարձրաստիճան պաշտոնյային հարիր կերպով:

«Մտնեմ ֆեյսբուք, տեսնեմ ինչ. պարզվում ա երեկ տասնյակներով ընդհատակյա խրախճանք եմ կազմակերպել ու իրենց մամուլ կոչող աղբը իրար հերթ չտալով այս ապատեղեկատվությունն է տարածում։ Իսկ այս լրագրողական ապիկարության հեղինակն է 168 Ժամը։ Պատրաստվեք դատարանում պաշտպանվել ու թերևս պատվիրատուներիդ ասեք, որ դրա հետևանքներին իրենք ևս պատրաստվեն»,- գրել էր նա:

Դրան ի պատասխան, իհարկե, 168.am-ը պատասխան հրապարակումով հանդես եկավ՝ կոչ անելով չափը ճանաչել և գնալ դատարան:

Հուսանք՝ սխալների ուղղումից հետո Էդուարդ Աղաջանյանի հետ ամեն դեպքում կհանդիպենք դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս