Արամուսի համայնքապետի ապօրինությունները բացահայտվել են
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր՝ աղբահանություն կատարելու համար։
Հիշյալ անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հրամաններով ու աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 7 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ, որոնք յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են համայնքի ղեկավարի կողմից:
Բացի այդ, պարզվել է, որ Արամուս համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի արձանագրել Արամուսի վարչական տարածքում՝ 2008 թ. և 2012-ից 2016 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա իր մտերիմների կողմից ապօրինի կառուցապատված համապատասխանաբար՝ 2923 և 2442 քմ ընդհանուր մակերեսներով հասարակական նշանակության՝ ռեստորանային համալիրների շենք-շինությունները, չի ձեռնարկել օրենքով իրեն վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունները ժամանակին դադարեցնելու, դրանք քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որի արդյունքում նշված գույքերը տարիներ շարունակ չեն հաշվառվել համայնքապետարանի կադաստրային հաշվեկշռում, ուստի և չեն գանձվել համապատասխան հարկերը, ինչի հետևանքով համայնքի և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։