«Մարտական գործողությունների մասշտաբների, կրակի ինտենսիվության, կիրառված զինանոցի առումով այս երկու ռազմական գործողություններն անհամեմատելի են». Տիգրան Աբրահամյան

168.am-ի  զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Պարոն Աբրահամյան, 2020 թվականի հուլիսի 12-ի հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններն իրենց բնույթով նմա՞ն էին 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններին։ Ձեր կարծիքով՝ այս երկու գործողությունները համեմատության եզրեր ունե՞ն, դրանք ինչո՞վ էին նման և ինչո՞վ՝ տարբեր։

– Մարտական գործողությունների մասշտաբների, կրակի ինտենսիվության, կիրառված զինանոցի առումով այս երկու ռազմական գործողություններն անհամեմատելի են:

Միգուցե ռազմական առումով կարելի է՝ զուտ վերլուծությունների համար համեմատել մարտական գործողությունների որոշ դրվագներ, դրանց հակազդելու մեթոդներ և այլն, սակայն դասական առումով՝ այս գործողություններն անհամեմատելի են:

 – Ադրբեջանում գարնանից սկսած նավթի գներն անկում են ապրում։ Նավթի գների տատանումների և սահմանային լարվածությունների միջև անմիջական կապ տեսնո՞ւմ եք։ Հայ-ադրբեջանական սահմանի վերջին ագրեսիան արդյո՞ք նավթի գների անկմամբ էր պայմանավորված։

– Եթե դիտարկման ենթարկենք հայ-ադրբեջանական, ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների քրոնիկոնը, ապա էներգակիրների գնի անկումը մշտապես ուղեկցվել է սահմանային լարվածությամբ:

Ուղղակի իմաստով, կախված լինելով էներգակիրներից եկող եկամուտներից, ցանկացած անկում սոցիալական, տնտեսական, նաև քաղաքական խնդիրներ է առաջացնում Ադրբեջանում: Իսկ առկա իրողություններից հանրության ուշադրությունը շեղելու կամ հանրության շրջանում «հաղթող լիդեր» կերտելու ճանապարհին ղարաբաղյան խաղաքարտը միշտ էլ գործածվել է:

– Հայաստանում մինչև 2018 թվականի իշխանափոխությունն արդյո՞ք ուսումնասիրվում էր, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, նախկինում կանխատեսելի՞ էր մեզ համար, թե թշնամին ինչ գործողությունների կարող է դիմել՝ հայկական երկու պետությունների նկատմամբ։

– Կան պետական ինստիտուտներ, որոնք ոչ միայն Ադրբեջանում առկա իրադարձությունների մանրամասն ուսումնասիրությունները պետք է կատարեն, այլ նաև ռազմաքաղաքական իրադրության փոփոխությունների կառավարելիության ապահովման:

Այս տեսանկյունից՝ ոչ միայն Ադրբեջանում առկա իրավիճակը պետք է խորությամբ ուսումնասիրել, այլ Թուրքիայի, որը մի քանի անգամ ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, քան նույն Ադրբեջանը:

Տեսանյութեր

Լրահոս