Լիազորված չեմ մեկնաբանել լրագրողների նեղ անձնական կարծիքը․ ԱԳՆ խոսնակը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին

«Գրառման վերաբերյալ իմ նեղ անձնական կարծիքը զերծ կմնամ բարձրաձայնել»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով օրերս «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի արած աղմկահարույց գրառմանը և հարցին, թե արդյո՞ք ՀՀ որևէ դիվանագետի Սիմոնյանի տեքստի բովանդակության նման ակնարկներ են արվել Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից։

Խոսելով հարցի երկրորդ մասից՝ Նաղդալյանը վստահեցրեց, որ երբևէ ՀՀ ԱԳՆ որևէ աշխատակցի, նախարարին, որևէ մակարդակում նման հարցեր չեն բարձրացվել և չեն կարող բարձրացվել, քանի որ ՀՀ-ն Ռուսաստանի հետ ունի գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են նաև ինքնիշխանության, իրավահավասարության, դարավոր բարեկամության սկզբունքների վրա։ Իսկ ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, ապա Աննա Նաղդալյանն ասաց, որ իր պարտականություններից ելնելով՝ լիազորված է պատասխանելու լրագրողների, փորձագետների հարցերին և լիազորված չէ մեկնաբանել լրագրողների նեղ անձնական կարծիքը։ «Ես գրառման վերաբերյալ ունեմ իմ նեղ անձնական կարծիքը, բայց ձեռնպահ կմնամ այս հարթակում բարձրաձայնելուց»,- նկատեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ ֆեյսբուքյան էջում այդ գրառման հրապարակմանը։ «Գրառումն այդ հարթակում հայտնվելուց հետո ՀԱՊԿ-ում մեր մշտական ներկայացուցչի միջոցով կապ ենք հաստատել ՀԱՊԿ համապատասխան վարչության հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, անմիջապես խնդիրը լուծվել է, տրվել է բացատրություն, որ եղել է տեխնիկական վրիպակ, մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից և հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն»,- ասաց Նաղդալյանը։

Հարցին, թե ե՞րբ է ՀՀ-ն օգնության խնդրանքով դիմել ՌԴ-ին, ինչպես Սիմոնյանն է ասել, Աննա Նաղդալյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ է ցանկացել ասել այդ լրատվականի ղեկավարը, ուստի այդ առումով մեկնաբանություն անել չի կարող։

Մեկ այլ օգտատիրոջ հարցին էլ, թե ի՞նչ գործողություններ են լինելու, որպեսզի գյուղմթերք ՌԴ արտահանողներն այնտեղ չենթարկվեն ազգային խտրականության՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Նաղդալյանը պատասխանեց, որ այդ խնդրի շուրջ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ դեսպանության հետ արդյունավետորեն աշխատեցին, տեղում տրվեց առաջացած խնդրի հասցեագրումը, լուծումը, դրան անդրադարձել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՏԱՄ խորհրդի նիստի ժամանակ, դա անընդունելի է որակել՝ կոչ անելով ուսումնասիրել հարցը։ «Այս հարցում մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի հետագայում նմանօրինակ զարգացումները կանխվեն»,- ասաց Նաղդալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս