Բաժիններ՝

Սա պատմության մեջ ոչ միայն ռեկորդ է, այլև մոտ ցուցանիշ չի եղել. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ մրցույթով 80 դասախոսի աշխատանքի ընդունելու մասին

«ՀՊՏՀ-ում կատարված ապօրինությունները փաստաթղթավորված, հիմնավորված և ապացուցված՝ վաղը կամ հաջորդ օրը ներկայացնելու եմ Քննչական կոմիտե, Դատախազություն: Կարծում եմ ՝ իշխանությունը պատասխանատվության կենթարկի բոլոր մեղավորներին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ պայքարում է, որպեսզի մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում չլինի  ամենաթողություն, որովհետև սա ազգային անվտանգության խնդիր է:

«Մարդիկ վերջնականապես պետք է գիտակցեն, հասկանան, և լրջանան, որ կրթության ոլորտում չպետք է իներցիոն,  ինքնահոսի փոփոխություններ լինեն և հովանավորչական մեխանիզմներով որոշակի խնդիրներ լուծեն: Իմ պայքարը սրա հետ է: Ինչ վերաբերում է ռեկտոր դառնալուն կամ չդառնալուն, երբ այս խնդիրները լուծվեն՝ ես կորոշեմ՝ կախված ուսանողների արձագանքից»:

Անդրադառնալով ԲՈԿ նախագահի և հուլիսի 16-ին ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի հետ հարաբերություններին՝ նկատեց. «Ես իմ բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ որևէ մեկի հետ չեմ ցանկանում ունենալ լարված հարաբերություն: Ես պարզապես ուզում եմ աշխատել, արդյունք ստեղծել: Աշխատանքային հարաբերությունների ընթացքում որոշակի լարված հարաբերություն կարող է  առաջանալ բոլորի հետ: Այս պահին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Գոգյանի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություն, իսկ ինչ վերաբերում է տիկին Գալոյանին, ապա կրկին խնդիր չունեմ իր հետ»:

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակ համալսարանում կատարված բարեփոխումներին և դրանցից հետո իր դեմ սկսված արշավին՝ ասաց, որ իրական հեղափոխական փոփոխություններ են կատարել:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության օրենքի համաձայն՝ դասախոսական թափուր պաշտոնների համար մրցույթ է իրականացվել: Տարիներ շարունակ սա չի կատարվել: 2019թ. առաջին անգամ հայտարարվում է դասախոսների մրցույթ՝ ոչ միայն համալսարանը լավագույն կադրերով համալրելու համար, այլև նրա համար, որ կատարենք օրենքի պահանջը: Բնականաբար, շատ դասախոսների սա դուր չի գալիս, մի մասն ասում է, թե՝ ո՞նց թե մրցույթ, ես ինչո՞ւ պետք է գնամ հանձնաժողովի առջև պատասխաններ տամ: Մոտավորապես նույն մարդիկ արշավ  են սկսում իմ դեմ՝ կեղծ պնդումներով: Այսքանով հանդերձ՝ 2019թ. սեպտեմբերից ՀՊՏՀ-ում 80 նոր դասախոս է եկել. սա պատմության մեջ ոչ միայն ռեկորդ է, այլև մոտ ցուցանիշ չի եղել, ինչի համար, անկախ իմ հեռանալուց, հպարտ եմ, որովհետև ուսանողներն ինձ պարբերաբար շնորհակալություն են հայտնում»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս