Բաժիններ՝

Աֆղանցի աղջիկը գնդակահարել է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին

Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: Թալիբները ներխուժել են մոտավորապես 14 տարեկան աղջկա՝ Քամար Գյուլի տուն, նրա հորը փնտրելով այն բանի համար, որ վերջինս աջակցություն է ցուցաբերել երկրի պաշտոնական կառավարությանը: Թալիբներն ընտանիքի հորը դուրս են բերում տնից եւ նրան սպանում:

Աղջկա մայրը, փորձելով պաշտպանել ամուսնուն, նույնպես սպանվում է զինյալների կողմից: «Քամար Գյուլը, որը գտնվում էր տանը, վերցնում է AK-47 ինքնաձիգը, որը պատկանում էր իր ընտանիքին, եւ սկզբում գնդակահարում է «Թալիբան»-ի երկու զինյալներին, որոնք սպանել էին իր ծնողներին, իսկ այնուհետեւ վիրավորում մի քանիսին»,-հայտարարել է տեղի ոստիկանության պետ Հաբիբուռահման Մալեքզադեն: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա դրությամբ աֆղանցի զինվորականները Գյուլին եւ նրա կրտսեր եղբորը տեղափոխել են «ավելի անվտանգ վայր»:

Աֆղանստանում դիմակայություն է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որն ավելի վաղ զգալի տարածքներ էր զավթել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս