Հիմնադրվել է «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը

«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների շարունակական արդիականացմանը՝ ազատության, արդարության, հավասարության, իրավունքի գերակայության ու համերաշխության գաղափարաբանական շեշտադրումներով։

Հիմնադրամի հիմնադիրներն են պետական-քաղաքական գործիչներ, տնտեսագիտության թեկնածու Արծվիկ Մինասյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Գալստյանը:

Հիմնադրամն ի թիվս այլնի նպատակ ունի նպաստել ազգային ու համամարդկային արժեքների ամրապնդմանը, քաղաքական ու քաղաքացիական երկխոսության խթանմանը,  հանրային իշխանության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքյան կազմակերպությունների և գործիչների ներհայաստանյան ներգրավման մակարդակի բարձրացմանը, ժողովրդավարական գործընթացների զարգացմանը և այլն։

Հիմնադրամը մտադիր է իրականացնել համալիր վերլուծական աշխատանք, խթանել գիտակրթական առաջընթացը, կազմակերպել տարաբնույթ քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ, ինչպես նաև իրականացնել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը միտված աշխատանքներ։

Հատուկ ուշադրություն է դարձվելու հետինդուստրիալ հեղափոխությամբ պայմանավորված մարդկային կացութաձևի փոփոխություններին, արհեստական բանականության ընձեռնած հնարավորություններին և առաջ բերած մարտահրավերներին։ Հիշյալ նպատակների ու խնդիրների շրջագծում մշտապես կարևորվելու է երիտասարդության ամենատարբեր կարողականությունների զարգացմանը միտված ծրագրերը։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում հիմնադրամն առավելապես զբաղված կլինի ներքին կազմակերպական աշխատանքներով և գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ու ծրագրերի մշակմամբ, ինչից հետո պատշաճ հանրային ակտիվությամբ կներկայանա հասարակությանը։

Հիմնադրամը գաղափարաքաղաքական առումով հարում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Հիմնադրամի տնօրեն է նշանակվել քաղաքագիտության ասպիրանտ Գևորգ Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս