Բաժիններ՝

Ֆրանսիան ընդլայնել է պարտադիր պաշտպանական դիմակներ կրելու կանոնները

Հուլիսի 20-ին Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական շենքերում պարտադիր պաշտպանական դիմակներ կրելու դեկրետը: Բոլոր խանութների առջեւ դրված են ցուցանակներ, որոնք հիշեցնում են դիմակներ կրելու անհրաժեշտության մասին:

Պահակախումբը հետեւում է այցելուներին՝ թեեւ իրավունք չունի տուգանելու սահմանված կարգը խախտողներին. դրա համար ստիպված է ոստիկանություն կանչել: Մի շարք խանութներում տեղակայված են դիմակների վաճառքի ավտոմատներ: Նոր դեկրետի համաձայն՝ դիմակ կրելն անհրաժեշտ է բանկեր, խանութներ, վարչական հիմնարկություններ, շուկաների շենքեր, թանգարաններ, ստորգետնյա կայանատեղիներ այցելելիս: Ընկերությունների եւ ֆիրմաների շենքերում աշխատողների համար դիմակ կրելը պատադիր չէ այն պայմանով, որ նրանք պահպանում են մեկ մետր հեռավորությունը: Ավելի վաղ այնտեղ դիմակ կրելը լոկ ցանկալի էր, բայց ոչ պարտադիր: Եթե քաղաքացին դիմակ չի կրել հասարակական վայրում, ապա նա պետք է վճարի տուգանք 135 եվրոյի չափով:

Կրկին առանց դիմակի բռնվելիս տուգանքն աճում է մինչեւ 1500 եվրո: Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն երեք անգամ առանց դիմակի են բռնում այն շենքում, որտեղ այն կրելը պարտադիր է, նրան կարող է սպառնալ բանտարկություն մինչեւ վեց ամիս ժամկետով: Մայիսի 11-ից Ֆրանսիայի քաղաքացիները պետք է դիմակ կրեին տրանսպորտում, կինոթատրոններում եւ թատրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, գրադարաններում, խաղատներում, կրոնական կենտրոններում: Ներկայումս այդ վայրերում դիմակը կարելի է հանել՝ սոսկ զբաղեցնլեով իր տեղը եւ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը: Ֆրանսիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ընդամենը համաճարակն սկսվելուց ի վեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 174 հազար դեպք: Ավելի քան 105 հազար ախտահարվածներ հոսպիտալացվել են, 30 հազարից ավելի հիվանդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս