«Մեր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ ոչ թե դաշնակից Ռուսաստանը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը: Մեր բանակը, հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը, ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին: Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենը իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական դերակատարների միջև անջրպետը: Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին, ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին: Խոսեմ փաստերով. պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց միջազգային կառույցներից «պոկել» Ադրբեջանին քննադատող ոչ միայն հասցեական, այլ նաև 3 հիմնարար սկզբունքները ներառող գնահատական: Հիմնարար սկզբունքները ներառող միակ հայտարարությունը ընդդիմադիր ՀՀԿ-ի ջանքերով արել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: «Անատամ» էր նաև «դուխով» վարչապետի ելույթը Մինսկում: Ի՞նչ կարիք կար առհասարակ խոսել «միակողմանի զիջումների» մասին թեկուզ դրան պատրաստ չլինելու կոնտեքստում: Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել, որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերջ, ինչը տարբեր միջազգային հարթակներում հնչեցվել էր նախորդ իշխանության կողմից:

Բայց իշխանության բացթողումները չեն սահմանափակվում քաղաքական անմեղսունակությամբ: Նրանց սպասարկող մի շարք գործիչներ, անտեսելով Թուրքիայի հակահայկական հայտարարությունները, սլաքներն ուղղում են Ռուսաստանի դեմ` որի զորքերը պաշտպանում են հայ-թուրքական պետական սահմանը: Եվ այս իրավիճակում քաղաքական իշխանության «դուխով» լռությունը չի բխում մեր հանրապետության պետական շահերից: Մեր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ ոչ թե դաշնակից Ռուսաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս