
Ադրբեջանի հարվածներից վնասված տների վերականգնման աշխատանքները սկսվել են. մարզպետ

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ. այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ կրակոցները եղել են քիչ, և միայն հրաձգային զենքերից:
Նա տեղեկացրեց, որ այցելել է զորամասերից մեկը և արձանագրել` զորքի և հրամատարարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։
«Ամբողջովին տեսնում են հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»,- ասաց Հովհաննիսյանը։
Հանդիպմանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հաստատեց` Տավուշի մարզում օրը համեմատաբար խաղաղ է եղել, և բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց տներ, բնականոն աշխատանքին, որքան որ դա հնարավոր է:
«Անձամբ այցելություն եմ կատարել տներից մեկը, որը վերականգնման ընթացքում է: Ասեմ, որ վերականգնում ենք այն տները, որտեղ երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջվում և հնարավոր է արագ կարգի բերել»,-նշեց մարզպետը:
Ըստ նրա, ընդհանուր առմամբ, աշխատանքները սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել, մասնավորապես աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում, վաղն աշխատանքները կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուրում: