«Ադրբեջանն ամեն անգամ պետք է ծեծ ուտի, մի բան կորցնի. երբ հասկանա, որ անիմաստ է ցանկացած ռազմական գործողություն, կնստի բանակցությունների». Արթուր Եղիազարյան
«Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շատ ամուր կանգնած էր, ոչ մեկը մտադրություն չուներ փախուստի դիմելու, մարդիկ շարունակում են ապրել: Սա խոսում է մեր ժողովրդի ամրության մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանում պատկերը լրիվ հակառակն է:
Նա չի կարծում, թե Ադրբեջանի հանրությունը պատրաստ է լայնածավալ պատերազմի. «Սա պետք է հաշվի առնեն իրենց քաղաքական ղեկավարները՝ ավելի լայնամասշտաբ արկածախնդրության գնալուց առաջ: Ադրբեջանը տարիներով պատմությունը կեղծելով, հայատյացություն սերմանելով՝ մեծացրել է մի սերունդ, որը կարծում է, թե կարող է հային հաղթել, և այսօր իրենք առնչվում են իրականության հետ: Ադրբեջանցիներն ասում են, թե ամենահզոր բանակն ունեն, ամենալավ զինվածն են, հպարտանում են յաշմաներով, և հանկարծ, երբ իրական գործողություն է լինում, լրիվ հակառակ պատկերն է՝ իսրայելական ԱԹՍ ենք խփում, որը մինչ այդ համարվում էր անխոցելի, լսում ենք մեկ այլ դեպք, երբ ադրբեջանական արտադրության ԱԹՍ-ն հայկական կողմը բռնել, իջեցրել է: Այս ամենը նաև իրենք են տեսնում և սկսում են առնչվել իրականության հետ: Այդ մթնոլորտը փոխելու համար Ալիևը փորձեց ցույց կազմակերպել, բայց հենց նույն այդ օրը նաև իշխանության հրաժարականի պահանջն էին ներկայացնում: Այն միֆը, որը ստեղծել էր Ալիևը հայերի վերաբերյալ և փորձում էր դա որպես գործիք օգտագործել, այսօր հակառակը՝ աշխատում է իր դեմ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Անդրադառնալով այս հարցին՝ ռազմական փորձագետն ասաց.
«Ադրբեջանը շատ լուրջ վրիպում թույլ տվեց՝ նման բարձր հարթությունից նման հայտարարություն անելով: Ես անկեղծ չեմ հավատում՝ երբևէ իրենք փորձեն, որովհետև իրենք հասկանում են հետևանքները: Մեզ պետք էլ չէ ավել ջանք գործադրել, ուղղակի միջազգային հանրությանն ամենաբարձր հարթակներով պետք է ասել՝ տեսեք՝ ում հետ գործ ունենք: Ուղղակի մենք պետք է այս շանսը բաց չթողնենք»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ արվող հարցադրումներին, նա հիշեցրեց, որ Թուրքիայի կոշտ հայտարարությունից հետո Հայաստան-Թուրքիա սահմանին ՀԱՊԿ շրջանակում ռուսական ուժերը պարեկային ծառայությունը մեծացրին՝ ուղղաթիռներ բարձրացրին երկինք.
«Դա մեսիջ էր Թուքիային, որ՝ հանկարծ չսխալվես, դա միայն Հայաստանը չէ, դա ՀԱՊԿ-ի տարածք է: Իսկ Տավուշում չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անեին, պետք է խաղաղապահ զորք բերեի՞ն, այն ժամանակ էլ կասեին՝ ինչո՞ւ են խաղաղապահներ բերում»:
Արթուր Եղիազարյանը նկատեց՝ պետք է Ադրբեջանին հասկացնել, որ դու այլ տարբերակ չունես, քան խաղաղ բանակցային ճանապարհով նստել-երկխոսել.
«Քանի դա Ադրբեջանի ուղեղից չենք հանել, որ ռազմական ճանապարհով շանս չունի, պետք է ծեծ ուտի, պետք է ամեն անգամ մի բան կորցնի: Հայկական դիրքերի բարելավումը հրաշալի ճանապարհ է, ամեն անգամ նման արկածախնդրությունից հետո ինքը պետք է բան կորցնի, և երբ հասկանա, որ անիմաստ է ցանկացած ռազմական գործողություն, կնստի բանակցությունների»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում