Մահացել է ֆրանսիացի պարուհի Զիզի Ժանմերը
Հուլիսի 17-ին 96 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի պարուհի եւ էստրադային երգչուհի Զիզի Ժանմերը: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
«Տիկին Վալենտին Պետին խորը վշտով հայտնում է 2020 թվականի հուլիսի 17-ին իր մոր՝ տիկին Զիզի Ժանմերի մահվան մասին: Նա խաղաղ կերպով հեռացավ մեզնից Շվեյցարիայում գտնվող իր տանը»,- հայտնել է Ժանմերի դուստրը պաշտոնական հաղորդագրության մեջ, որը գործակալությանն է հանձնվել փաստաբանի միջոցով:
Պարուհին, ում լրիվ իսկական անունն է Ռընե Մարսել Ժանմեր, ծնվել է 1924 թվականի ապրիլի 29-ին Փարիզում:
1933 թվականին ընդունվել է Փարիզի օպերային կից բալետի դպրոց, որտեղ ծանոթացել է Ռոլան Պետիի հետ, որը հետագայում Մարինյի թատրոնում հիմնել է «Փարիզի բալետ» խումբը, որտեղ Ժանմերը դարձել է պրիմա-պարուհի:
Ժանմերի առավել տպավորիչ բալետային աշխատանքների թվում է Կարմենի դերը Պետիի 1949 թվականի բեմադրության մեջ: 1954 թվականից նա նաեւ հանդես է եկել որպես մյուզիք-հոլլի երգչուհի, խաղացել է կինոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: