«Ոչնչացվել է գիշերը հարձակում գործած ադրբեջանական 100 հոգանոց հատուկ ջոկատի 25-40 տոկոսը». Արծրուն Հովհաննիսյան
Գիշերը հարձակում գործած ադրբեջանական 100 հոգանոց հատուկ ջոկատի 25-40 տոկոսը ոչնչացվել է. այս մասին հայտնեց Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ըստ հրապարակված լուսանկարների, մոտավորապես 10-ը դիակի դուրսբերում է եղել:
«Եթե հաշվենք, որ այստեղ 10-ն են, և կան նաև այլ տեղանքներում, որտեղից հանված չեն, նաև բոլոր ոչնչացվածները չէ, որ մնացել են դաշտում, քանի որ անհաջողության էին մատնված, բայց չզոհվածների կողմից շատ ոչնչացվածներ կարող էին տարվել: Երկրորդ` բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որ հետ քաշվելուց հետո են մահանում»,-մանրամասնեց նա` հիշեցնելով, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, գիշերը հայկական դիրքի վրա հարձակվողները եղել են հատուկ նշանակության «Յաշմա» բրիգադի զինյալները:
Ինչ վերաբերում է ադրբեջանական խոցված ԱԹՍ-երի թվին, ապա դրանց թիվը 13 է, իսկ թե որքան ԱԹՍ է կիրառել Ադրբեջանը, դեռ հստակ վերլուծություն չկա: