«Ուկրաինան տարածքային ամբողջականության հետ խնդիրներ ունի․ նրանք որոշ դեպքերում աջակցում են Ադրբեջանին». Միքայել Զոլյան

«Պարզ է, որ նման իրավիճակներում միջազգային կառույցները փորձում են միշտ բալանսավորված հայտարարություններ անել, ինչը, չեմ կարծում, որ արդյունավետ  մոտեցում է: Ճիշտ է, հասկանում եմ, ինչու են նրանք այդպես անում, միևնույն ժամանակ՝ դա ինչ-որ չափով հարվածում է նաև իրենց հեղինակությանը: Մենք աշխատում ենք նրանց հետ, որպեսզի տրամադրենք հնարավորինս լիարժեք տեղեկատվություն: Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանի շուրջ, իհարկե, բոլորը հասկանում են, թե դա ում է ձեռնտու: Բայց կա նաև դիվանագիտական լեզուն, և միանշանակ դատապարտող հայտարարություններ այսօր դժվար է ակնկալել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին կատարվող ռազմական գործողություններին ինչպե՞ս են արձագանքում միջազգային կառույցները:

Անդրադառնալով այդ գործողությունների հետ կապված՝ Ուկրաինիայի հայտարարությանը, որի համաձայն՝ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Միքայել Զոլյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում Ուկրաինիայի արտաքին գործերի նախարարությունում տարբեր ձևաչափերում նման երևույթ եղել է:

«Ուկրաինան տարածքային ամբողջականության հետ խնդիրներ ունի, նրանք որոշ դեպքերում աջակցում են Ադրբեջանին: Մենք ուկրաինացի մեր գործընկերների հետ աշխատում ենք, բացատրում ենք, որ միանգամայն տարբեր իրավիճակներ են, և պետք չէ ավտոմատ կերպով նրանք իրենց ունեցած իրավիճակը պրոյեկտեն Արցախի վրա: Եվ առհասարակ մենք կողմնակից ենք, որ յուրաքանչյուր կոնֆլիկտ դիտարկվի զուտ այդ կոնֆլիկտ, չփորձեն Վրաստանի, Մոլդովայի կամ մյուս երկրների հետ կապված՝ դիտարկել որպես մեկ ամբողջություն: Երբեմն, նաև Ուկրաինիայի արտգործնախարարության դեպքում, մենք տեսանք, որ միշտ չէ, որ այդ ընկալումը կա: Մենք պետք է շարունակենք աշխատել գործընկերների հետ, որպեսզի այդ ընկալումը նրանց մոտ ձևավորվի»,- շեշտեց Մ. Զոլյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս