«ՀԱՊԿ գործընկերները տեղեկացված են, ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, այլ միջամտության կարիք չկա». Արարատ Միրզոյան
«Պաշտոնական տեղեկատվությունը մատուցվում է, անընդհատ Պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկատվություն է հաղորդում: Միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք: Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշեր տեղի ունեցած: Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներից, գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերին, տեսանք, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողություններին:
ԱԺ նախագահի բնորոշմամբ, այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտում են:
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը և խորհրդարանականներն իրենց խողովակներով այս ամենի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի:
«Ինքս իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի ղեկավարին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին: Վերլուծությունները տարբեր են, վստահ եմ, ինձ հետ նաև դուք էլ եք կարդում այն մասին, որ և՛ համաճարակի առումով բավականին բարդ իրավիճակ է ստեղծված այդ երկրում, և՛ բազմաթիվ ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներ ունեն: Տեսակետ կա այն մասին, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը և այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված ՀՀ-ի, հայ ժողովրդի ուղղությամբ»,- հավելեց ԱԺ նախագահը:
Ըստ Արարատ Միրզոյանի, հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որևէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի սահմանի ուղղությամբ:
Հարցին՝ ՀԱՊԿ-ի արձագանքն ինչպե՞ս է գնահատում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ընթացիկ, ըստ էության խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականին, Արարատ Միրզոյանը նշեց, որ որևէ մեկնաբանություն չունի:
Արարատ Միրզոյանը խոսեց նաև այս օրերին Զինված ուժերի կատարած աշխատանքից՝ նշելով, որ հայ զինվորների անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը մշտապես բարձր է գնահատում նախկինում էլ, այժմ էլ:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հայտարարությանը, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արարատ Միրզոյանն ասաց, որ բարեկամ կամ հարևան ժողովրդի հետ միշտ էլ աշխատելու տեղ ունեն, այդ թվում՝ հայ-ուկրաինական ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, կրակելով ոչ միայն հայկական դիրքերին, այլև հրետակոծում է սահմանապահ գյուղերը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում