Ինդոնեզիայում տեղատարափների առաջացրած վարարումների պատճառով զոհվածների թիվը հասել է 24-ի
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսիի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացրած հեղեղումների եւ վարարումների պատճառով զոհվածների թիվը հասել է 24-ի, 69 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Լուվու օկրուգի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարարումների զոհ է դարձել 15 մարդ: «Մենք առաջվա պես փնտրում ենք կորած մարդկանց: Առկա տվյալների համաձայն, 69 մարդ կորել է, 24-ին մեռած են գտել»,-հայտարարել տարերային աղետների հետեւանքների վերացման տեղական վարչության ղեկավար Մուսլիմ Մուխթարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարարումների պատճառով հարյուրավոր տներ ողողվել են ցեխով:
Իշխանությունների տվյալներով՝ շուրջ 2 հազար տեղի բնակիչներ հարկադրված են եղել պատսպարվել ժամանակավոր կացարաններում: Ինչպես հայտնել է Ինդա օկրուգի ղեկավար Պուտրի Ինդրիանին, իրադրությունը բարդանում է նրանով, որ մի քանի լեռնային շրջաններ կարելի է հասնել միայն երկանիվ փոխադրամիջոցներով, այդ շրջաններում կամուրջները քանդվել են: Նրա խոսքով՝ փրկարարները փորձում են գտել այլընտրանքային ուղիներ, որպեսզի հայտնվեն տարերքից տուժած բնակավայրերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: