Ո՞ր դատավորներին են առնչվել երեկ ԱԱԾ-ի կողմից Սնանկության դատարանում իրականացված գործողությունները

Երեկ  տեղեկություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում:

Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ են ունեցել դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել:

168.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի մամլո ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը լուրը հաստատել էր միայն ԱԱԾ-ի կողմից դատարանում գործողություններ կատարելու մասով:

Այլ մանրամասներ չհաղորդվեցին:

Այսօր արդեն մեզ հաջողվեց պարզել, որ ԱԱԾ-ն գործողություններ իրականացրել է 3 դատավորների առնչությամբ, որոնցից երկուսի անուններն այս պահին մեզ հաջողվել է պարզել: Խոսքը Գևորգ Նարինյանի ու Արա Կուբանյանի մասին է: Մեր տեղեկություններով՝ դատավորներն անգամ բերման են ենթարկվել, ապա ազատ են արձակվել:

ԱԱԾ-ից մեզ այսօր ասացին, որ երեկվա գործողությունների մասով հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն:

Նույն պատասխանը ստացանք նաև Բարձրագույն դատական խորհրդից:

Թե ինչով են Սնանկության դատարանի դատավորները հետաքրքրել ԱԱԾ-ին, չենք կարող ենթադրել, միայն նշենք, որ ըստ մեզ հասած տեղեկության՝ Գևորգ Նարինյանի վարույթում քննվում է սնանկության գործ, որի շրջանակներում անցնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերություններ: Խոսքը Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված սնանկության գործի մասին է:

Տեսանյութեր

Լրահոս