Նիկոլ Փաշինյանը շատ է վախենում, որ պառլամենտն անվստահություն կհայտնի երկրի վարչապետին. Արթուր Համբարձումյան
«Ես կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը հետապնդում է մեկ նպատակ, այն է՝ ՀՀ Սահմանադրությամբ արտակարգ դրության ժամանակ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել երկրի վարչապետին: Այ սրանից երկրի վարչապետը շատ է վախենում, որովհետև այն 1/3-ով նախաձեռնվում է, հետո 1/2-ով կարող է անվստահություն հայտնվի, և 1/3-ին հասնելու համար մոտավորապես 20-ին մոտ պատգամավորներ են պետք, իսկ «Իմ քայլ»-ի պատգամավորները, մեղմ ասած, աչքի չեն ընկնում իրենց գաղափարական ամրությամբ: Այ սրանից վարչապետը շատ է վախենում, և ռեժիմի երկարաձգումն այս նպատակն է հետապնդում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը:
Արթուր Համբարձումյանի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Կառավարության ներկայացրած օրինագծերին ու նախագծերին մեկ մարդու նման կողմ քվեարկելով՝ ոչ թե արտահայտում են իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, այլ ցույց է տալիս, որ իմքայլականները, այս ընթացքում բարոյական ու նորմատիվ-իրավական խախտումներ կուտակելով, իրենց փրկօղակը տեսնում են Նիկոլ Փաշինյանի մեջ, իսկ «Փաշինյանի տապալումը նշանակում է, որ իրենք էլ կտապալվեն, Փաշինյանի տապալումը նշանակում է, որ հետագայում իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար»:
«Երբ որ մեկ այլ տեղում իրենք հանկարծ փրկօղակ տեսնեն, իրենք շատ մեծ հաճույքով կարող է այդ փրկօղակը փոխեն այն մյուս փրկօղակով»,- նշեց Ա. Համբարձումյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադրի և նախկին անդամի կարծիքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործողությունները կմնան կիսատ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի բոլոր ձեռնարկներն են մնացել կիսատ, քանի որ, ըստ Համբարձումյանի, ԲՀԿ ղեկավարի շուրջ սկսված գործողությունները եղել են էմոցիոնալ ու չեն ունեցել ինստիտուցիոնալ պատճառներ:
«ԲՀԿ-ի հետ տեղի ունեցողը կլրացնի այն շարքը գործողությունների Փաշինյանի նախաձեռնած, որոնք մնացել են կիսատ՝ դատարանների հետ կապված, կիսատ-պռատ իրավիճակ է ՍԴ-ի հետ կապված, Սերժ Սարգսյանի հետ կապված (ես ուզում եմ հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 1 մլն դոլարի սալյարկա «գողանալու» մեջ), և այդպես շատ շատ բաներ»,- ասաց Արթուր Համբարձումյանը:
«ՍԴ-ի հետ կապված պրոցեսը չունի քաղաքական, իրավունքի հետ կապված որևէ աղերս: Սա հոգեբանական խնդիր է Փաշինյանի մոտ»,- վստահեցրեց Արթուր Համբարձումյանը:
Ըստ Համբարձումյանի՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ, քանի որ ինքն իրականացրել է մի առաքելություն, որն իր բնույթով հավասարը չի ունեցել գոնե վերջին 1000 տարվա ընթացքում, և այն մարդիկ, ովքեր այս առաքելության գինը չեն ընդունում, իրենք ըստ էության դեմ են գնում Հայաստանի մեսիային, ու «Փաշինյանը չի կարող ընկալել, թե այդ մարդիկ ինչքան կարող են երախտամոռ լինել, որ իր առաքելության գինը չհասկանան», ու ՍԴ-ի, եկեղեցու, Գագիկ Ծառուկյանի, տարբեր ԶԼՄ-ների, Արցախի հետ կապված խնդիրների հիմքում ընկած է հենց այդ հարցը:
«Փաշինյանը չի ընկալում Արցախը՝ որպես հանրապետություն, Փաշինյանը ընկալում է Արցախը՝ որպես մարզ, և սա նույնպես հարվածում է բանակցային գործընթացին, և պատճառը նրանում է կայանում, որ իր իշխանությունը տարածվի նաև Արցախի վրա, որովհետև եթե Արցախը հանրապետություն է, Փաշինյանը չունի Արցախի վրա իշխանություն, եթե Արցախը մարզ է, Փաշինյանը ունի այնտեղ իշխանություն»,- ասաց Համբարձումյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ Հայաստանում քաղաքական կառավարում գոյություն չունի, իսկ պետությունն էլ իրեն ոչ քաղաքական կառավարման տակ գտնվելու շռայլություն չի կարող թույլ տալ: Եվ նման դեպքում, ըստ Համբարձումյանի, երկրի համար անհրաժեշտություն են արտահերթ զարգացումները:
Ադրբեջանցիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի դիրքերի և բնակավայրերի հրետակոծությունը, ըստ Արթուր Համբարձումյանի, մեծագույն ավանտյուրա էր, որին գնաց Ալիևը, և դրա հիմքում կարող են ընկած լինել տարբեր պատճառներ՝ սկսած Ադրբեջանի տնտեսական վիճակից, վերջացրած պետությունների ղեկավարների միջանձնային հարաբերություններով:
Անդրադառնալով Տավուշում սկսված լարվածությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճին՝ Համբարձումյանն ասաց.
«Մարդն ադեկվատ չի, իրավիճակին ադեկվատ չի, և ինքը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ ինքն ադեկվատ չի, և սպասել, որ ինքն այս ընթացքում կկարողանա լուրջ որոշումներ կայացնել, սխալ է, ակնկալելն անգամ սխալ է:
Ինքը կարող է հիմա, քանի որ այսպես պատերազմական իրավիճակ է, ինքը կարող է սկսել խանգարել: Ես գիտեմ, թե ինչպես է ինքը սկսում խանգարել, և կարող է սկսել խանգարել, դա արդեն շատ վտանգավոր է: Եվ հետևապես՝ պետք է իրեն իր մտերիմները խորհուրդ տան, որպեսզի ինքը մեկուսանա և թողնի, որ Գենշտաբի ղեկավարը և կորպուսի հրամանատարությունը իրենց գործողությունները կատարեն»:
Արթուր Համբարձումյանը «խոսել, հետո մտածել» որակեց Կառավարության՝ հուլիսի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցը ՊՆ Դավիթ Տոնոյանին, թե «այսինքն՝ տպավորություն է, որ հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչո՞ւ, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել ու հեռացել են։ Հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված եղել, ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել»:
«Այս 2 տարիների ընթացքում ինքը բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել մեզ ցույց տալու, որ ինքը չի մտածում՝ ինչ է խոսում, ինքը չի հաշվարկում, չի կշռադատում: Ինքը ադեկվատ չի: Ինքը չի համապատասխանում երկրի վարչապետի բարձր պաշտոնին՝ ո՛չ իր անցած ուղիով, ո՛չ իր կառավարչական գիտելիքներով, ո՛չ առհասարակ իր գիտելիքներով, և ամենակարևորը՝ իր էմոցիոնալ կառուցվածքով ինքը չի համապատասխանում որևէ հիմնարկ ղեկավարելու, կառավարելու պաշտոնին, ուր մնաց՝ երկրի ղեկավարի պաշտոնին»,- նշեց Արթուր Համբարձումյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում