ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը
Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Հայաստանի սահմանային գոտում հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Քանի որ Ադրբեջանն ուժեղացնում է իր անդրսահմանային հարձակումը, այդ փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան դիմադրել և զսպել Ալիևի ագրեսիան»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Համբարյանը նշել է, որ հարցի քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի օրը:
Ներկայացված օրինագծով նախատեսվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար: