ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանը երբ պատրաստի թիրախ է տալիս Ադրբեջանի հատուկ ծառայություններին, մարմնի ո՞ր մասով է մտածում. Կոնստանտին Տեր-Նակալյան
ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջով տարածեց հայտարարություն, թե «տեղեկատվական պատերազմում տարբեր հարցերով կամավոր աջակցության պատրաստակամության համար, որպեսզի պրոցեսը համակարգված լինի, հատուկ խումբ ենք ստեղծել այդ նպատակով»։ Մովսիսյանը նաև նշել էր այն օգտատիրոջ անունը, որը համակարգելու է այդ խումբը։
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը 168.am-ի հետ զրույցում վտանգավոր համարեց նման աշխատանքով զբաղվող մարդուն հանրայնացնելու ՊՈԱԿ-ի տնօրենի քայլը՝ նշելով, որ նույն ֆեյսբուքյան գրառմանը հետևում ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլ նաև՝ ադրբեջանցիները։
«Ես ուզում եմ հասկանալ, երբ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հրապարակում է այդ աշխատանքային խմբի աշխատանքը համակարգողի անուն-ազգանունը, ի՞նչ է մտածում։ Մտածում է՝ իսկ եթե հակառակորդն այդ էջը կոտրի, հաշվի առե՞լ են արդյոք դրա ռիսկերն ու վտանգները։ Կամ լավ, այս ՊՈԱԿ-ն ի՞նչ էր անում մինչև հիմա, եթե նոր է կամավորներ հավաքագրում, չէ՞ որ այն, որ մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք և պետք է տեղեկատվական դաշտում հակազդենք, նորություն չէր, կամ լավ, եթե նոր եք ֆայմել ու դրա համար ձեզ փառք ու պատիվ, ինչո՞ւ եք դա այսքան հանրային անում։ Հովհաննես Մովսիսյանը երբ պատրաստի թիրախ է տալիս Ադրբեջանի հատուկ ծառայություններին, մարմնի ո՞ր մասով է մտածում։ Իմաստը ո՞րն է այսքան փնթի և ապաշնորհ գործելու»,- ասաց նա։