«Ալիևն ավելի մեծ թշնամի է. որքան էլ վատը լինի Փաշինյանը, պատրաստ ենք «զինադադարի». առաջին պլանում սահմանն է». Կոնստանտին Տեր-Նակալյան

Երեկ տեղի ունեցած ակցիան ոչ թե երկրի ներսում ապակայունություն հրահրելու միտում ուներ, այլ ուղղված էր արտակարգ դրության երկարաձգման դեմ, և որևէ բան տեղի չէր ունենա, եթե արհեստական լարվածություն ոստիկանությունը չմտցներ այդ ամենում։ Այսօր 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Ակցիա արել ենք ոչ թե մենք, այլ ՀՀ ոստիկանությունը. եթե չգար և այդ կինոն ցույց չտար, որևէ բան տեղի չէր ունենա։ Լարվածությունն արհեստական էր ու մտցված էր ոստիկանության կողմից։ Մենք չենք խախտել պարետի որոշումը, թեև կարծում ենք, որ այն վաղուց վերածվել է կրկեսի։ Մյուս կողմից, լավ կլիներ, որ այն ռեսուրսներն ու ջանքերը, որոնք իշխանական քարոզչամեքենան ծախսում է ընդիմության դեմ, ուղղի հակառակորդի դեմ։ Փոխանակ այդ հակազդեցությունը ցույց տան հակառակորդին, մեզ են պախարակում։ Օրինակ՝ Խառատյան Արսենը մեզ մեղադրում է ներքին թուրք լինելու կամ անհայրենիք լինելու մեջ, բայց իրեն պատկանող լրատվամիջոցով գրում են, որ հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում ադրբեջանցի քաղաքացիականներ են զոհվել, կամ մեկ այլ լրատվամիջոց ողջ օրը դրած ադրբեջանցիների հուղարկավորություններն է ցույց տալիս՝ համարյա ուղիղ եթերի ռեժիմով, կամ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած մեկը, որը նրա հետ երկար քայլել էր Գյումրուց, երեկ իր ֆեյսբուքյան էջում կոչ էր անում ադրբեջանցիների ընկերներին, որտեղ, ի թիվս այլ բաների, առաջարկվում էր զոհված ադրբեջանցի զինծառայողին անգլերենով անվանել մարտիրոս։ Հիմա մենք անհայրենիք ենք, իրենք հայրենասե՞ր»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Անդրադառնալով իրենց միաբանության տարածած հաղորդագրությանը, որով այժմ իրականացվում է միաբանության անդամների անվանականչ, Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց.

«Մենք միշտ և երբեք տարընթերցում չենք ունեցել հետևյալ հարցում՝ որքան էլ վատը լինի Փաշինյանը, Ալիևը մեզ ավելի մեծ թշնամի է եղել և կա, հետևաբար, ըստ այդմ, երբ տեսնում ենք, որ մեր էքզիստենցիալ թշնամին ակտիվանում է, մեզ համար Երևանը, Ֆեյսբուքը, փողոցները գնում են մյուս պլան և առաջին պլան է գալիս պետական սահմանը։ Մեր հայտարարությունն այն մասին է, որ մենք կանգնած ենք լինելու պետության կողքին, ու եթե դրա համար պետք է որոշակի չակերտավոր զինադադար ու զսպվածություն ցուցաբերել, ապա դա մեր համար խնդիր չէ։ Եթե պետք լինի կամավորագրվել կամ անմիջական մասնակցություն ցուցաբերել ընդդեմ հակառակորդի մղվող գործողությունների, ապա մենք լինելու ենք այնտեղ, և ոչ թե՝ Երևանի փողոցներում փորձենք քաղաքական օրակարգ ձևավորել։ Մեզ համար առաջին էշելոնում ադրբեջանցիներն ու թուրքերն են, երկրորդ էշելոնով, իհարկե, գնում են եվրաատլանտյան էլիտաները»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս