«Ադրբեջանում խառնաշփոթ է. տվյալներ կան, որ իրենց սահմանամերձ հատվածներում խուճապ է, մարդիկ թողնում-փախչում են». Դավիթ Ջամալյան
«Եթե փորձում են մեզ հետ ուժի լեզվով խոսել, սահմանին իրավիճակը լարել, ապա հարվածը պետք է լինի հուժկու, հակառակորդն այնքան ավելի շատ պետք է տուժի, որ հրաժարվի այդ լեզվից: Ըստ էության, հիմա մենք այդ իրավիճակն ունենք, փառք ու պատիվ մեր զինվորականներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:
Նրա կարծիքով՝ լարվածության այս փուլն առաջիկա մի քանի օրը դեռևս կպահպանվի. «Եթե նկատում եք, ադրբեջանական կողմը դեռևս խուսափում է հակագրոհներից, այսինքն՝ իրենց զինված ուժերի անձնակազմը չի գրոհում՝ իրենց կորցրած հենակետերը վերցնելու նպատակով. Հասկանում են, որ այդ պարագայում կորուստները շատ մեծ կլինեն: Իրենք վախենում են կորուստներից: Ընդ որում՝ տվյալներ կան, որ իրենց սահմանամերձ հատվածներում խուճապ է, մարդիկ թողնում-փախչում են: Նույն իրավիճակն է, ինչ 2016թ.: Իրենց մոտ խառնաշփոթ է»:
Ռազմական փորձագետն ընդգծեց՝ հայոց հրետանին միշտ փայլել է ու հիմա էլ է փայլում և ճշգրիտ խոցում է այն, ինչ պետք է խոցել. «Իրենք հիմա գնում են հեռահար խոցման ճանապարհով, խուսափում են մերձամարտից, և ինձ մոտ տպավորություն է, որ իրենց մոտ խառնաշփոթ է, չեն պատկերացնում՝ ինչպես գործել: Տեղանքին շատ լավ ծանոթ եմ, և այն, ինչ կորցրել են, չեն կարող ետ բերել, այդ փորձն իրենց տալու է ավելի մեծ կորուստներ: Այս փուլում հայոց բանակը փայլեց, մենք արդեն ունենք հաղթանակ: Բայց երբ հետքայլ կանի Ալիևը, ըստ ամենայնի, իրենք ինչ-որ պահից հետո էլի կդիմեն Մոսկվային, բայց այս անգամ մենք լիակատար հաջողություն գրանցած և այդ տեղանքում ավելի ամրացած դուրս կգանք այս լարվածության փուլից: Բայց հետագայում միշտ պետք է ակնկալել, որ հետագայում այդ լարվածության փուլերը էլի ու էլի լինելու են, ադրբեջանական կողմը էլի ու էլի գնալու է այս ճանապարհով՝ տարբեր տեղամասերում: Ի դեպ, մենք հիմա պետք է շատ աչալուրջ լինենք, որ հակառակորդը չփորձի փոխհատուցել իր կորուստները՝ այլ հատվածում մեզ հանկարծակիի բերելով»:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ պետք է շատ զգույշ լինել հենց նախիջևանյան հատվածից. «Այն, ինչ մենք հիմա խոսում ենք, մեր Գլխավոր շտաբում վաղուց գիտեն, բոլոր խոցելի հարցերի պատասխաններն այնտեղ կան: Փառք Աստծո, այս տարիներին ձևավորել ենք շատ լուրջ, պրոֆեսիոնալ, առկա մարտահրավերները ադեկվատ գնահատելու և պատասխանելու ունակ Գլխավոր շտաբ: Ընդ որում՝ Գլխավոր շտաբը հիմա ղեկավարում է շատ լուրջ կենսագրություն ունեցող զինվորական՝ գեներալ Գասպարյանը, այնպես որ, այն, ինչի մասին մենք խոսում ենք, այնտեղ պատասխանները կան: Բայց հանրության համար ասեմ՝ մենք պետք է պատրաստ լինենք, որ հենց նախիջևանյան ուղղությունից կարող է լինել ագրեսիայի հաջորդ դրսևորումը՝ ամենահավանականը՝ Արարատ-Վայք հատվածում: Այդպես կմտածեն, որ կարող է խուճապ ստեղծվի այստեղ: Պետք է պատրաստ լինենք, որ այդտեղից էլ կարող է հարված լինել, պետք է պատասխանել և գնալ առաջ՝ որքան հնարավոր է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում