ՌԴ-ն կշարունակի իր միջնորդական առաքելությունն ինչպես Բաքվի և Երևանի հետ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում. Լավրով
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների առնչությամբ ցուցաբերել պատասխանատու մոտեցում ու խուսափել լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններից: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմից կարևորվել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ երևույթին, լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններ ու գործողություններ անելուց խուսափելու Ռուսաստանի կոչն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիային, որի ԱԳՆ-ն հուլիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: