
Աֆղանստանի նախագահը դատապարտել է թալիբների գրոհը Սամանգանի նահանգում

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է թալիբների կողմից իրականացված գրոհը Սամանգանի նահանգում՝ Աֆղանստանի անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մերձակայքում, եւ այն որակել է որպես ահաբեկչական գործողություն:
«Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վճռականորեն դատապարտել է այդ հանցավոր եւ անմարդկային գրոհը եւ հայտարարել. «Այդ ահաբեկչական գործողությունը ցույց է տալիս, որ թալիբներն առաջվա պես կողմնակից են բռնությանը եւ պատերազմը շարունակելուն»,-ասվում է Twitter-ում զետեղված նախագահական պալատի հայտարարության մեջ:
Նախագահը վերստին կոչ է արել «Թալիբան» շարժմանը՝ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերջ տալ Աֆղանստանի խաղաղ բնակիչներին սպանելուն: Նա հավելել է, որ բռնության եւ պատերազմի էսկալացիան վնաս է հասցնում խաղաղության գործընթացի առաջընթացին:
Ուժգին պայթյունը հուլիսի 13-ին որոտացել է Սամանգանի նահանգի Այբաք քաղաքում՝ Աֆղանստանի անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մերձակայքում: 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթել է ականապատված ավտոմեքենա, ինչից հետո շենք են թափանցել հարձակվողները:
Պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Սամանգանի նահանգապետը 1TV հեռուստաալիքին հայտնել է, որ բոլոր չորս հարձակվողները, որոնք պայթյունից հետո թափանցել են շենք, ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 11 մարդ, եւս 63-ը վերքեր են ստացել: Հեռուստաալիքը հայտնել է, որ Այբաքում հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել էՌԻԱ Նովոստին: