«Չգիտեմ` Հայաստանն ինչ մակարդակով պետք է արձագանքեր, իսկապես այդ պատասխանը չգիտեմ». Հովհաննես Իգիթյանը՝ Սոֆիայի տաճարի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների համատեքստում, քանի որ դրանք արդեն ավելի անհանդուրժողական են:
«Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները տարակուսանքի մեջ են, իր ագրեսիվ գործողություններն Էրդողանն իրականացնում է ոչ միայն Թուրքիայում, այլև այլ երկրներում՝ Սիրիայում, Լիբիայում և այլուր: Ես կապի մեջ եմ թուրքագետների հետ, նրանք ասում են, որ Էրդողանը նման քայլի գնալով՝ փորձում է բարձրացնել իր կորցրած իմիջը, վերականգնել»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարանի կարգավիճակ չունի, այն Բարձրագույն դատական մարմնի որոշմամբ՝ վերածվելու է մզկիթի։ Այս որոշումից ընդամենը ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի՝ որպես մզկիթ:
Նախատեսված է, որ տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 15-ին, որի ժամանակ թուրք ժողովրդին խոսքով պետք է դիմի նաև Էրդողանը։
168.am-ի դիտարկմանը, որ բազմաթիվ թուրքագետներ, այդ թվում՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ զարմացած ու հիասթափված է հայկական կողմի արձագանքից՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հետ կապված հայկական կողմը հավուր պատշաճի հայտարարություն չի տարածել, Հովհաննես Իգիթյանը նկատեց.
«Չգիտեմ՝ Հայաստանն ինչ մակարդակով պետք է արձագանքեր, ես իսկապես այդ պատասխանը չգիտեմ, չգիտեմ՝ մենք պետք է լինեինք տաճարի համար պայքարողների առաջին շարքերո՞ւմ, թե՞ մեր դժգոհությունները տարբեր մակարդակներում արտահայտեինք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում