Բաժիններ՝

Sevan Startup Summit-ը չի կայանա նշված ժամկետներում

Ամենամյա Սևան Ստարտափ Սամմիթը (Sevan Startup Summit) այս տարի չի կայանա նշված ժամկետներում, հնարավոր է նաև ձևաչափի փոփոխություն։ Այս մասին հայտնել են սամմիթի կազմակերպիչները։

«Դեռևս մարտ ամսին, երբ ողջ աշխարհը նոր էր ներքաշվել այս համաճարակային աղետի մեջ, արդեն իսկ պարզ էր, որ այս տարի Sevan Startup Summit-ի կազմակերպման հարցում բախվելու ենք լուրջ խնդիրների։ Այնուամենայնիվ, կազմակերպչական աշխատանքները չդադարեցրինք՝ հույս ունենալով, որ մինչև ամառ իրավիճակը կկայունանա։

Այս պահին վարակի տարածման տեմպերը մեր երկրում դեռևս աճում են, իսկ միջոցառումն իր ձևաչափով չի համապատասխանում այս ժամանակահատվածում մարդկային շփումների ճիշտ և անվտանգ կազմակերպմանը։ Կարևորելով մեր թիմակիցների, գործընկերների, ստարտափ համայնքի բոլոր ներկայացուցիչների առողջությունը՝ որոշում կայացրինք, որ Sevan Startup Summit-ը չի կայանա նախանշված ժամկետում և նախապես հայտարարված իր ստանդարտ ձևաչափով։

Խորապես շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ մինչև վերջ հավատացին, որ Sevan Startup Summit-ը կկայանա։ Հուսով ենք՝ գոնե մինչև ամառվա վերջ վարակի տարածման տեմպերը կնվազեն, և հնարավորություն կունենանք ինչ-որ ձևաչափով անվտանգ հավաքվել սամմիթի տարածքում և այդ կերպ իրականացնել SSS2020-ը։ Այս պահին մենք աշխատում ենք մի քանի նոր ծրագրի ուղղությամբ, որոնց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ»,- ասված է հայտարարության մեջ։

Seaside Startup Summit-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է, որ սա չի նշանակում, որ սամմիթը չի կայանալու։

«Մենք չենք ասում, թե չենք անելու SSS2020-ը, մենք ասում ենք՝ SSS2020-ն այն ձևով ու ժամկետով, որ պայմանավորվել ենք, հատկապես հիմա չի լինի կազմակերպել, քանի որ արդեն պարզ դարձավ նաև, որ արտակարգ իրավիճակը պետք է երկարաձգվի, քանի որ ամեն օրվա վարակվածության ու մահացության թվերը շատ բարձր են, և մեր թիմն այս պահին որոշել է առավելագույնս ներգրավվել covid-19 վարակի տարածումը կասեցնելու գործում»։

Seaside Startup Summit-ի գործադիր տնօրեն Վահագն Ռափյանն էլ նշում է, որ արդեն կան սցենարներ, որոնց ուղղությամբ իրենք աշխատում են.

«Իրավիճակի բարելավման դեպքում այլ ժամկետներում, այլ ձևաչափով և այլ բովանդակությամբ միջոցառման այլընտրանքային անցկացման տարբեր սցենարներ կան, որոնց ուղղությամբ այժմ աշխատում ենք, և այդ մասին առաջիկայում կհայտարարենք»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս