«Չգիտեմ` ուղիղ կապ եղե՞լ է, թե՞ ոչ, գիտեմ, որ ուղիղ կապ եղել է Մինսկի խմբի շրջանակներում». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի հրետակոծությունը պետք է դիտարկել՝ որպես Ալիևի հայտարարությունների շղթայի շարունակություն:
«Նրա բոլոր հայտարարությունները եղել են Հայաստանի դեմ ուղղված: Այդ երկիրն ունի ներքին խնդիրներ, բոլորդ էլ գիտեք, որ այնտեղի արտգործնախարարությունում նույնիսկ քրեական գործեր կան: Այս համատեքստում Ալիևն անընդհատ փորձում է նախ հասարակության ուշադրությունը շեղել և ցույց տալ երկու հանգամանք, որ կոնֆլիկտը սառեցված չէ, նաև՝ Ալիևն ամեն անգամ շեղում է Արցախի կոնֆլիկտի ծագումնաբանությունը՝ ցույց տալով, որ իբրև այս ամենը հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է: Թերևս, սա է պատճառը, որ Ալիևն ամեն անգամ փորձում է այդ կոնֆլիկտը տեղափոխել Հայաստանի սահմաններին: Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը ռազմական գործողություններով չի կարող որևէ հաջողություն գրանցել: Արդեն կան որոշակի հայտարարություններ՝ ուղղված նաև Ադրբեջանին: Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն չի ստանա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:
Հարցին՝ ագրեսիվ հայտարարություններ անող մարդը կարո՞ղ է լինել կոնստրուկտիվ, ինչպես Ալիևին բնորոշել էր ՀՀ վարչապետը, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ գիտի, թե նման հարցն ուր է տանում, և չի կարծում, որ կոնտեքստից հանած հատվածը կարող է կապվել այսօրվա իրավիճակի հետ:
«Վարչապետը բավականին խոսել է այդ մասին, վարչապետն ասել է՝ ինչ նկատի ուներ: Այն ժամանակ խոսքը հումանիտար միջոցառումներ առաջ տանելու մասին էր, և այն ժամանակ Ադրբեջանի նախագահն իրեն բավականին կոնստրուկտիվ էր պահում և ստորագրում էր բոլոր փաստաթղթերի տակ»,- նշեց պատգամավորը:
Ըստ Հովհաննես Իգիթյանի, միջազգային կառույցների կողմից արձագանքը կարևոր է, սակայն ամենակարևոր արձագանքը ՀՀ Զինված ուժերինն է, սա է ամենամեծ գրավականը նման իրավիճակներում:
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է որևէ հաջողության հասնել՝ տանելով նման քաղաքականություն»,- հավելեց նա:
Հարցին՝ քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ վարչապետը չի օգտագործում ուղիղ կապը, որի մասին միշտ խոսել է, ուղիղ կապ եղե՞լ է, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ուղիղ կապ եղե՞լ է, թե՞ ոչ, գիտեմ, որ ուղիղ կապ եղել է Մինսկի խմբի շրջանակներում, ՀԱՊԿ-ի շրջանակներում, և Հայաստանը փորձում է նաև դիվանագիտական, երկկողմանի ու բազմակողմանի սառեցնել ստեղծված իրավիճակը»:
Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում