Ադրբեջանը թիրախավորում է բնակավայրերը. Չինարիի ուղղությամբ յոթ արկ է արձակել
Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,- գրել է Ստեփանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: