«Մենք ունենք վիրավորներ. թեթև վիրավորվել է երկու ոստիկան, որոնց կյանքին որևէ վտանգ չի սպառնում». Տավուշի  մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատրաստվում է շրջայց կատարել մարզի սահմանամերձ մի քանի բնակավայրերում՝տեղում ծանոթանալու իրավիճակին։
«Այս պահին գտնվում եմ Բերդի տարածաշրջանում, այցելելու եմ Մովսես գյուղ և կրկին շրջայց պետք է կատարեմ բոլոր բնակավայրերում։ Այստեղ խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա գործերին են։ Բնականաբար, այս ամենը Տավուշի բնակիչների համար նոր չէ, նրանք լիարժեք զգոնություն են պահպանում։ Համոզված եմ, որ մեր անվտանգությունն ապահովված է, հատկապես՝ Զինված ուժերի պրոֆեսիոնալ և արագ արձագանքման շնորհիվ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակի առումով պաշտոնական հայտարարությունը լիարժեք արտացոլում է իրականությունը, որ երեկվանից սկսած ընթանում են դիրքային մարտեր։

«Մենք ունենք վիրավորներ. թեթև վիրավորվել է երկու ոստիկան, որոնց կյանքին որևէ վտանգ չի սպառնում, նրանց շուտափույթ ապաքինում ենք մաղթում։ Ցավում եմ, որ Տավուշում լարված իրավիճակ է, բայց միևնույն ժամանակ՝ ժողովուրդը և մեր Զինված ուժերը հավուր պատշաճի պատրաստ են այս իրավիճակը հաղթահարելու»,- հավելեց մարզպետը։

Նա նաև տեղեկացրեց, որ պարբերաբար կրակոցի ձայներ են լսվում, կոնկրետ այս պահին կրակոց չկա։

«Հուսամ, որ այդ ամենը շատ երկար չի տևի»,- եզրափակեց Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031