ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը
Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը, եթե դատարանը վերջին պահին այն կասեցնելու որոշում չընդունի:
Քայլը հիմնականում խորհրդանշական նշանակություն ունի. մահապատժի են սպասում միայն 60 ֆեդերալ բանտարկյալներ: Մահապատիժների ճնշող մեծամասնությունն անցկացնում են առանձին նահանգներ: Մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտնել է, որ դաշնային իշխանությունները կվերսկսեն հանցագործների մահապատիժները, քանի որ զգում են զոհերի ընտանիքներին մխիթարելու իրենց պարտավորությունը: Սակայն Դենիել Լյուիս Լիի զոհերի ազգականները, որը պետք է մահանա հուլիսի 13-ին Ինդիանայի Թերր-Հոութ քաղաքում, դիմել են դատարան՝ խնդրելով կասեցնել մահապատիժը:
Նրանց խոսքով՝ Լիի մահապատիժը կկրկնապատկի իրենց վիշտը: Մոտավորապես հազար կրոնական առաջնորդներ ստորագրել են գլխավոր դատախազին ուղղված հանրագիր՝ խնդրելով կասեցնել մահապատիժը: Նրանց խոսքով՝ երկրում առանց այդ էլ քիչ չեն խնդիրները:
«Մեր երկիրը պայքարում է COVID-19-ի համավարակի դեմ, տնտեսական ճգնաժամի, քրեական դատավարության համակարգային ռասիզմի դեմ, այնպես որ մեզ հարկավոր է կենտրոնանալ կյանքի պաշտպանության ու պահպանության վրա, այլ ոչ թե մահապատիժների իրականացման վրա»,-գրում են նրանք: Լին, որը ռասիստական խմբավորման անդամ է, դաժանորեն սպանել է երեք մարդուց բաղկացած մի ընտանիքի, ներառյալ ութամյա աղջիկը: 1999 թվականին երդվյալ ատենակալները նրան դատապարտել էին մահապատժի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: