ՀԱՊԿ-ը միանշանակ պետք է արձագանքի. Քաղաքագետ

Հայաստանի սահմանին ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միանշանակ պետք է արձագանքի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Առանց այն էլ ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում հաճախ հնչում են կարծիքներ այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի կատարում կոլեկտիվ անվտանգության իր գործառույթները: Տեսնում ենք սադրիչ գործողություններն ամիջապես Հայաստանի սահմանին են, այստեղ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը հայտարարություն պետք է անի, թեպետ, ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Այն կարող է լինել վերացական դատապարտող կամ կողմերին խաղաղության առաջարկ անող հայտարարություն: Պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գարիկ Քեռյանը նշեց, որ ամբողջ հակամարտության ընթացքում, անկախ նրանից բանակցային գործընթացն ակտիվ է, թե պասիվ, սահմանային ընդհարումների վտանգը միշտ եղել է:

«Նման գործողությունների գնալու ենթադրություններից մեկն այն է, որ երկրի ներսում սոցիալական լարվածութուն կա, կորոնավիրուսի, նավթի գների անկման հետ կապված խնդիրներ կան: Ղարաբաղյան ճակատը Ադրբեջանի իշխանությունների համար եղել է այն ուղղությունը, որը միշտ հարմար է եղել շեղել հասարակության ուշադրությունը, ցույց տալ, որ շատ ավելի մեծ վտանգներ կան, քան ձեր սոցիալական խնդիրը, աշխատավարձերը, թոշակները կամ օրվա հացի խնդիրը: Սա շատ հարմար քայլ է շեղել հակաիշխանական տրամադրություններից»,-ասաց նա:

Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախագահ Ալիևը և նրա շրջապատը, անհանգստացած են, որ բանակցային գործընթացում ռեալ արդյունք չկա: Սառեցումը կարող է երկարատև շարունակվել, հետևաբար նման սադրանքներով, ընդհարումներով փորձում են կրակը վառ պահել:

«Այստեղ շատ ակտիվ աշխատանք պետք է իրականացնել տեղեկատվական դաշտում: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի ներկայացնել, որ Հայաստանն է նման գործողությունների գնում համաճարակի պայմաններում: Մեր համապատասխան կառույցները պետք է ակտիվ աշխատեն միջազգային հանրությանն իրական պատկերը ներկայացնելու համար: Մեզ համար վաղուց պարզ է, որ Արդբեջանը թքած ունի թե միջազգային պայմանագրերի, թե հորդորների, հայտարարությունների վրա: Մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք իրականը, որ ընկալումներում Հայաստանը չլինի ագրեսոր»,-հավելեց Գարիկ Քեռյանը:

Տեսանյութեր

Լրահոս