«Այս իրադրության պայմաններում, իհարկե, չի բացառվում նաև գրոհային ստորաբաժանումների կիրառումը». Տիգրան Աբրահամյան

168.am-ի ճեպազրույցը  «Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ:

– Երեկ Տավուշի ուղղությամբ, մենք ականատեսը եղանք, այսպես ասած, լոկալ կամ տեղային  մարտի: Նախ՝ նման թիրախավորված  գործողություններ ո՞ր ուղղությամբ է հնարավոր, արդյո՞ք Նախիջևանի՝ հաշվի առնելով թուրքական կողմի արձագանքը: Երկրորդ՝ որքանո՞վ է հնարավոր լոկալ մարտերի՝ լայնամասշտաբ գործողությունների վերածվելու հնարավորությունը:

– Այսօր գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ այն հարցը, թե արդյո՞ք տեղային այս գործողությունները կվերաճեն լայնամասշտաբի ռազմական գործողությունների: Դրա համար նախ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանը, և ինչ ազդեցություն կունենան նրա կորուստները հանրության վրա: Հասարակական հնչեղության առումով, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանում տարբեր կարգի հայտարարություններով և ակցիաներով իշխանությանը մղում են ակտիվության պահպանման, որի պայմաններում լոկալ մարտերը կարող են վերաճել առավել մասշտաբային գործողությունների: Մյուս կողմից՝ Ադրբեջանի աճող կորուստների պայմաններում, որոնք զուգահեռվում են Ադրբեջանում աճող ներքաղաքական լարվածությամբ, ցանկացած կտրուկ քայլ, որը կարող է ձախողման տանել Ադրբեջանի զինված ուժերին, այդ երկրում կարող է իշխանափոխության հանգեցնել: Դա լավագույնս հասկանում են այդ երկրի իշխանությունները: Այնպես որ, իրականության մեջ իրադրության զարգացման տարբեր սցենարներ են ուրվագծվում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր տեսլականում խոսել էր փոքր գրոհիչ խմբերի կիրառության մասին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ուղղության զարգացումը:

– Հակառակորդի ակտիվությունը տարբեր միջոցներով ճնշվում է՝ Ադրբեջանին մեծ կորուստներ են հասցվում: Կիրառվող միջոցները տարբեր են, նույնիսկ հրետանի է կիրառվում: Այս իրադրության պայմաններում, իհարկե, չի բացառվում նաև գրոհային ստորաբաժանումների կիրառումը: Շատ բան կախված է իրադրության փոփոխությունների տրամաբանությունից:

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսվում է  «պատերազմի վարման նոր մոտեցումների ներդրման»  մասին, ի՞նչ նոր մոտեցում է այսօր մեզ պետք որդեգրել:

– Սկզբունքը մեկն է՝ Ադրբեջանի ցանկացած սադրանք, գործողություն պետք է կոշտ հակազդեցություն ստանա, այլ տարբերակ, մոտեցում չկա:

Տեսանյութեր

Լրահոս