«Արտակարգ դրությունը անվերջ երկարաձգել հնարավոր չէ. մտածում ենք նոր գործիքակազմ կիրառել». Փաշինյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության արտահերթ նիստում նշեց, որ հանրապետությունում գրանցված կորոնավիրուսով վարակվածների բարձր ցուցանիշները վկայում են այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը շարունակում են պահպանվել։
«Հետևաբար՝ առաջարկում եմ մարտի 19-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել հուլիսի 13-ից՝ ժամը 17։00-ին, 30 օրով, մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17։00-ն։ Սա արտակարգ դրության արդեն չորրորդ երկարաձգումն է»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Անդրադառնալով արտակարգ դրությունը երկարաձգելուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ էության, Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված է բնակչության առողջությանը սպառնացող վտանգների ժամանակ արտակարգ միջոցների ձեռնարկումը։
«Սակայն, մեր օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ մենք չունենք։ Հետևաբար, եթե մենք արտակարգ դրությունը չերկարացնենք, մեր հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կորցրած կճանաչվի։ Սա է պատճառը, որ մենք ստիպված ենք երկարացնել։ Մյուս կողմից էլ՝ հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարաձգել հնարավոր չէ և պետք էլ չէ։ Այս ընթացքում, դեռևս նախորդ ամսվանից մենք որոշում ունենք, որ մենք օրենսդրական փոփոխություն մշակենք, որ մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել երեք ամիսը մեկ ոչ թե՝ արտակարգ դրության, այլ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմում»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում