«Թափանցիկորեն մեր գործընկերներին տեղեկացնում ենք բոլոր զարգացումների մասին». Զոհրաբ Մնացականյան
Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ներկայացրեց Տավուշի մարզում երեկ գիշեր ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետ կապված, նշեց, որ երեկ գիշերվանից կապի մեջ են եղել միջազգային գործընկերների հետ և տեղեկացրել են իրավիճակի մասին։
«Շարունակում ենք այդ հաղորդակցությունը, ճի՞շտ է պարոն Մնացականյան»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հաստատեց՝ ընդգծելով, որ երեկվանից կապի մեջ են եղել Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ։
«Կապի մեջ ենք նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարոնակվում է։ Դրան զուգահեռ կապի մեջ ենք նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, սա նույնպես շարունակական է։ Բնականաբար, այս առումով մեր աշխատանքը մնացած բոլոր գործընկերների հետ շարունակվում է և ընթացիկ է, մենք թափանցիկորեն ներկայացնում ենք ընթացքի մասին բոլոր այն զարգացումների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում այդ ուղղությամբ »,-շեշտեց Զոհրաբ Մնացականյանը։