«Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերի՝ հայ-ադրբեջանական սահմանին սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանցիները գրոհել են Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը:
«Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:
«Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների: Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:
Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով՝ կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով հայրենակիցներին զորակցություն հայտնել մեր զինվորներին, հրամանատարներին ու վստահել պաշտոնական աղբյուրներին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում