Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը»,- գրել է Նաղդալյանը:
Նախարարի մամուլի խոսնակը հավելել է, որ պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում: