ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ

Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները որոշել են համաշխարհային մշակույթի ժառանգություն համարվող Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերացել ու դարձնել իսլամական աղոթատեղի։

168.am-ը այս առիթով հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին` խնդրելով ներկայացնել մեր արտգործնախարարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ։

Մենք ստացել ենք ԱԳՆ պատասխանը, ինչը հրապարակում ենք ստորև։ Ի դեպ, 168.am-ի հարցման պատասխանը ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը տեղադրել է նաև իր ֆեյսբուքյան էջում։

«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։ Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»,- նշված է ԱԳՆ պաշտոնական պատասխանի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս