«Դիմումի հետ կապված դեռևս որևէ որոշում չկա». ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ ԲՀԿ-ի դիմումի մասին
«Դեռևս որևէ տեղեկատվություն չկա, դիմումը գտնվում է դատարանում, և դրա հետ կապված դեռ որևէ որոշում չի կայացվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայացրած դիմումին։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիմում են ներկայացրել ՍԴ։
Հարցին՝ կա՞ որոշակի ժամկետ, որի ընթացքում, եթե դիմումը չի քննվում, ՍԴ-ն այն հետ է ուղարկում, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ նման նախադեպ չեն ունեցել:
«Մեզ մոտ հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որն աննախադեպ է դատարանի պատմության մեջ, քանի որ աշխատանքային նիստերը չեն գումարվում։ Այսինքն՝ գործը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին որոշումը տեղի է ունենում աշխատանքային նիստով։ Բայց քանի որ այժմ ՍԴ-ն, արդեն տևական ժամանակ է, աշխատանքային նիստեր չի գումարում, բնականաբար, որոշումներ առհասարակ չեն կայացվում, այս իրավիճակում չգիտեմ՝ ինչպես կլինի։ Խոսքը միայն այդ գործին չի վերաբերում, կան այլ գործեր ևս, որոնք դեռևս նախնական ուսումնասիրություն չեն անցել»,- հավելեց Էդգար Ղազարյանը։
Հաջորդ հարցին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը վերադարձե՞լ են արձակուրդից, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ դեռևս չեն վերադարձել.
«Նրանք երկուսն էլ դեռևս արձակուրդում են, օգտվում են իրենց հերթական տարեկան արձակուրդից, որը սահմանվում է 30 աշխատանքային օր։ Նրանք ունեն նաև չօգտագործված օրեր և իրավունք ունեն այդ օրերը ևս օգտագործել»։