«Հայաստանի քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ». ՀՀ վարչապետ
«Երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, ցավոք, վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ». Կառավարության հուլիսի 9-ի նիստն այս լուրով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ միայն երեկ աշխարհում նոր դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը:
«Ուզում եմ ընդգծել, որ երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ, կամ գուցե ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք: Այս առումով էր հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում: Ուզում եմ ասել, որ ՀՀ-ում շարունակում է ծավալվել համաճարակը, երեկ 526 դեպք ենք ունեցել, մահերի թիվը հասել է 535-ի, 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով, ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել կամ մոտեցնել զրոյին նոր դեպքերի թիվը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, ասաց, որ երեկվանից ակտիվ քննարկվում է որոշումը, ըստ որի՝ մի շարք հիվանդություններ ունեցող քաղաքացիները կարող են դիմակ չկրել բաց տարածքներում: Փաշինյանը նկատեց, որ սա բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, կարծիքներ են հնչել, որ մարդիկ զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց:
«Դա փաստաթղթով պետք է հիմնավորված լինի, բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում Ոստիկանությունը պետք է կիրառի սահմանված տուգանքները: Ընդ որում, տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել, այո, մենք ասում ենք, որ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ դիմակներ կրեն, որովհետև ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»: