
Ադրբեջանցի հաքերները զորամասերի վերաբերյալ տվյալներ են ձեռք բերել. ԱԱԾ-ն ստուգում է

Վերջին երեք օրվա ընթացքում ադրբեջանցի հաքերները համացանց են ներբեռնել Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների անձնագրային տվյալները, որոնց մեջ նաև զորամասերի վերաբերյալ փաստաթղթեր կան:
168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Երևում է, որ ինչ-որ մեկը դրանք ձեռքում պահել և նկարել է, ամենայն հավանականությամբ, մեկը մյուսին խնդրել է ուղարկել: Եվ այդպես նկարել է ու անփութորեն էլ. փոստով ուղարկել: Ահռելի քանակի փաստաթղթեր կան, որոնք ոնց հասկանում եմ, ինչ-որ վարկային կազմակերպության են ուղարկել մարդիկ, որոնց մեջ կան, ցավոք, ուժայինների ներկայացուցիչներ»,- ասաց Մարտիրոսյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից 168.am-ին ասացին, որ այս պահին ստուգում են տեղեկության ճշգրտությունը։
ԱԱԾ մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ևս նշեց, որ տեղեկության ճշգրտման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
«Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում, երբ կլինեն հրապարակման ենթակա տվյալներ, կասենք»,- շեշտեց նա: