«Ինքս քրիստոնեական արժեքների կրող եմ, բայց հավատացյալ չեմ, առիթների ժամանակ եկեղեցի գնում եմ, բայց աղոթք չեմ անում». Հովիկ Աղազարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ երեխաների աղոթելու վերաբերյալ նախկինում արված իր հայտարարությունն ուժի մեջ է:
«Իմ կարծիքը չի փոխվել, որովհետև այն ինձ մոտ համոզմունք է, որ 7-10 տարեկան երեխան չի կարող այնպիսի հարցերի պատասխան ստանալ, ինչպիսին հավատքն է, Աստծո գոյությունն է և այլն, ես սա համարում եմ անթույլատրելի: Ինչ վերաբերում է եկեղեցու պատմությանը, ապա մենք բոլորս գտնում ենք, որ այն հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է կազմում հազարամյակների կտրվածքով, չէ՞ որ մեր արմատները գնում են մինչև հեթանոսություն: Հետևաբար՝ մենք որևէ դրվագ չպետք է առանձնացնենք, ինչո՞ւ առանձնացնենք»,- նշեց Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դասավանդման հետ կապված քննարկումներին:
168.am-ի հարցին՝ օրինակ, քանի՞ տարեկան պետք է լինի երեխան, որպեսզի կարողանա աղոթել և ստանալ Աստծո գոյության, հավատքի վերաբերյալ հարցերի պատասխանները, Հովիկ Աղազարյանն ասաց՝ գոնե 16 տարեկան պետք է լինի:
«Չեմ ասում՝ չափահաս լինի, բայց գոնե 16-17 տարեկան լինի, որպեսզի հասկանա կյանքից, բնությունից, աշխարհի ծագումից: Ես ինքս քրիստոնեական արժեքների կրող եմ, բայց կներեք՝ հավատացյալ չեմ: Առիթների ժամանակ եկեղեցի գնում եմ, այնպես չեմ գնում: Ասենք, եթե գնացել ենք ինչ-որ տեղ հանգստանալու, և այնտեղ եկեղեցի կա՝ մտնում եմ, բայց աղոթք չեմ անում»,- եզրափակեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում