««Իմ քայլից» երկու պատգամավոր բուժվել է, պարետատան ցուցումով կան ինքնամեկուսացվածներ, նոր վարակակիրներ չունենք». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ կարևորագույն մոտեցումներ պետք է լինեն անելու առավելագույնը, որպեսզի քաղաքացիների մոտ հնարավորինս կորոնավիրուսով վարակման դեպքերը քիչ լինեն:

«Մեր ելակետը սա է, այլ ոչ թե մարդկանց տուգանելու նպատակը: Ինչո՞ւ այս պահին մի փոքր դադար վերցրեցինք, որովհետև մեզ համար պետք էր հասկանալ, թե արդյո՞ք դա բավարար է, պե՞տք են այլ քայլեր, և այլն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսել էին դիմակները չկրելու համար նախատեսված տուգանքները բարձրացնել:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ դրված նախագիծը չի ներառել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

168.am-ի հարցին, որ մարդիկ դիմակներ կրում են, արդյո՞ք կարիք կար նման նախագիծ դնել շրջանառության մեջ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ, եթե շրջեն մայրաքաղաքում, ապա կտեսնեն, որ այն հատվածներում, որտեղ ոստիկաններն ավելի ակտիվ են, դիմակներ կրում են: Իսկ ծայրամասային հատվածներում կա խնդիր:

«Այժմ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է, և բոլորիս նպատակը պետք է լինի՝ բոլոր միջոցներով նվազեցնել վարակի քանակը, և այս առումով հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք, քանի որ առաջին հերթին հանրային շահի և առողջության մասին է խոսքը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

168.am-ի հաջորդ հարցին, թե այս պահին իշխող խմբակցությունում կորոնավիրուսով վարակված քանի՞ պատգամավոր կա և քանի՞սն են արդեն բուժվել, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ տվյալներն այսօր կարող են մի փոքր փոխված լինել:

«Մենք ունեինք 8 հաստատված վարակակիր, 2-ն արդեն բացասական թեստով առողջացած են համարվում, պարետատան ցուցումով մի քանի պատգամավոր ինքնամեկուսացվել են: Չեմ ուզում ասել՝ քանի հոգի, քանի որ տվյալներ չունեմ, բայց նոր վարակակիրներ չունենք»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից վարակվել էին Հակոբ Սիմիդյանը, Քրիստինե Պողոսյանը, Կարեն Համբարձումյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը: Բուժվել են Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը, որոնք այսօր մասնակցում են ԱԺ արտահերթ նիստին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս