«Քննարկելի տարբերակ է». Իշխանական պատգամավորը՝ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ ՀՀ նախագահի առաջարկը, որով ցանկություն է հայտնել Սահմանադրական դատարանի երեք դատավորին անձամբ նշանակել, տարբերակ է և կարելի է քննարկել:
«Սակայն այս պահին ըստ էության գործ ունենք Սահմանադրության հետ, Սահմանադրությամբ է նախատեսված առաջադրվող սուբյեկտներին… Եթե ՀՀ նախագահը ցանկանում է նման լիազորություն ստանալ, ապա այս պահին կա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, գուցե հարցն այնտեղ քննարկվի: Ինքս այդ հանձնաժողովի անդամ չեմ և չեմ կարող ասել, բայց դա քննարկելի տարբերակ է»,- նշեց Սիսակ Գաբիրելյանը:
Հիշեցնենք, որ գործող սահմանադրությամբ ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:
Իսկ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում, որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ, առաջարկել էր ՍԴ երեք անդամներին նշանակելու լիազորություն տալ ՀՀ նախագահին, երեքին՝ ԲԴԽ-ին, երեքին՝ ԱԺ-ին: Արմեն Սարգսյանը նկատի է ունեցել վերջին երկու տարիների փորձը, երբ հանրապետության նախագահը երեք անգամ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել, սակայն խորհրդարանը մերժել է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում