«Համարում ենք՝ սա արդարացված քայլ է». Արարատ Միրզոյանը՝ 580  մլն դրամ պարգևավճարի մասին

Ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ  Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, իսկ ամբողջ երկրում կա 23 ծառայողական մեքենա:

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչու էին ժամանակին օրինակ բերում Դանիային, իսկ այսօր, երբ իշխանություն են՝ ծառայողական մեքենաները հասնում են տասնյակների:

«Ցավոք, Դուք ամբողջապես չեք հետևել հեղափոխությունից և ԱԺ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Վստահ եմ, մի փոքր ցանկության դեպքում կարող եք Ձեզ համար պարզել, որ խորհրդարանի հանձնաժողովների նախագահների տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական մեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները՝ նույնպես: Այս հարցը տարբեր նրբերանգներ ունի, մեծ հաշվով, ապագայում պետք է նման մի իրավիճակի հասնենք, բայց նաև դիտարկել իշխանության ճյուղերի հավասար հակակշիռ մեխանիզմները: Նախկինում էլ, այժմ էլ պատգամավորների և տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ նման բաները պետք է համամասնորեն արվեն իշխանության երեք ճյուղերում, որպեսզի մեկի հեղինակությունը մյուսի հաշվին կբարձրանա կամ` հակառակը»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ դրանց մասին բազմիցս խոսել է: Նա զայրացած ընդգծեց, որ հարցին մեկ անգամ էլ կանդրադառնա, և հույս ունի՝ սպառիչ:

«580  մլն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար: Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով՝ ամսական 240.000 դրամի կարգի, ինչը, կարծում եմ՝ կարող ենք համարել հարկի կամ անհարկի, այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր դիրքորոշումը և չենք վախեցել խոստովանել, որ մենք համարում ենք՝ սա արդարացված քայլ է»,- շեշտեց Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, որը իշխող խմբակցությունը հետ կանչեց, Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ թեմայով «Իմ քայլի» անդամներն արդեն խոսել են:

«Հարցը քննարկվում է, շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն և այն կրկին բերեն ԱԺ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ այս նախագծով «Իմ քայլը» առաջարկում էր բարձրացնել դիմակներ չկրելու համար նախատեսված տուգանքների չափը:

Տեսանյութեր

Լրահոս